ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում լսեց լրագրողական երեք կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Հանձաժողովի անդամները լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միասին նիստի ընթացքում դիտել են տեսանյութը, որտեղ լսվում է` ինչպես է Մհեր Սեդրակյանը հայհոյում: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, սակայն, հղում անելով օրենքին, որևէ հարցի չպատասխանեց: Մինչդեռ նիստին մասնակցած լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը, Լիլիթ Լալայանն ու Լիլիթ Թադևոսյանը տեղեկացրեցին, որ բացի հանձաժողովի անդամ Թևան Պողոսյանից, մնացած երեք անդամները` Վահան Բաբայանը, Սուքիաս Ավետիսյանն ու հանձաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը դիտել են տեսանյութն ու ասել, որ որևէ հայհոյանք չեն լսում: Նշենք, որ հանձնաժողովի երկու անդամներ ՀՅԴ-ական Արմեն Բաբայանն ու ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկա չէին նիստի:
Հիշեցնենք`լրագրողական կազմակերպությունները էթիկայի հանձնաժողով են դիմել այն փաստով, որ պատգամավորը վիրավորել է լրագրողներին` անվանելով «նախիր», ապա հայհոյել այն լրագրողին, որը փորձել է դրա կապակցությամբ պատգամավորից պարզաբանում ստանալ: