տուն Լուրեր Մեզանում կենցաղն ավելի հզոր է, քան արվեստը. Խառատյանը Ամիրյանի` օպերայում ռեստորան բացելու...

Մեզանում կենցաղն ավելի հզոր է, քան արվեստը. Խառատյանը Ամիրյանի` օպերայում ռեստորան բացելու ծրագրի մասին

106
0

69

Ինչպես արդեն գրել էինք, Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ իր վերջին հարցազրույցում խոսել էր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնում ընտանեկան հանգստի վայր, բացօթյա ռեստորաններ սարքելու մասին:

Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ այժմ իր մտահոգություններն այլ են՝ օպերայի շենքն իր նպատակին չի ծառայում, օպերայի բեմում ճաշակով ու որակով ներկայացումներ չկան. «Ես չգիտեմ… եթե օպերան չի ծառայում իր նպատակին, գուցե կարող է որպես ռեստորան ծառայել: Իմ մտքերը լրիվ ուրիշ տեղ են: Եթե օպերան չի կատարում, պետք է ուրիշ ձև մտածել, որովհետև օպերան 3-4 տարի է՝ իր նպատակին չի ծառայում: Ես բալետ եմ բեմադրում, որոնք ռեպերտուարից հանված են. ես այդ մասին եմ մտածում: Որովհետև եթե իմ ներկայացումները գնան, դրանք կկրթեն մեր հանդիսատեսին, կբարձրացնեն նրանց որակը, ճաշակը, իսկ մյուս բաները չեմ կարող մեկնաբանել»:

Ռուդոլֆ Խառատյանի խոսքով՝ մտածում են օպերայում ռեստորան բացելու մասին, որովհետև մեզանում կենցաղն ավելի հզոր է, քան արվեստը. «Գուցե նրանք ճիշտ են, որովհետև եթե այդ ներկայացումները չեն գնում, ուրեմն պետք է դրա հակառակը՝ ռեստորանը լինի, գուցե դա մեր ազգի համար ավելի ճի՞շտ է: Այսօր այնքան ռեստորաններ կան, որտեղ լիքը ժողովուրդ է գնում, իսկ հանդիսատեսն օպերա չի գալիս, մենք չենք կարողանում նրանց հետաքրքրել մեր ստեղծագործական կյանքով: Մենք չենք կարողանում մեր հեռահար նպատակներն իրագործել»:

Բալետմայստերը դեռ հույս ունի, որ երբ իր ներկայացումները լինեն օպերայի բեմում, այդ ժամանակ ռեստորանները կդատարկվեն, ու մարդիկ կսկսեն հետաքրքրվել արվեստով. «Օպերայի շենքն արդեն վաղուց կորցրել է իր տեսքը, որովհետև օպերայի Թատերական հրապարակը դարձել է Անկախության հրապարակ, շուրջն այնքան ռեստորաններ կան, մեկով ավելի, մեկով պակաս… Հուսով եմ, որ երբ ներկայացումները գնան, այդ ժամանակ այդ ռեստորանները կդատարկվեն, ու ներկայացումները հանդիսատես կունենան, իսկ այսօր ներկայացումները դատարկ են, ռեստորանները՝ լիքը: Եվ երևի այս դեպքում էլ մարդիկ պրակտիկորեն են մտածում:

Օպերայի ֆունկցիան իրականում այն է, որ բեմի վրա ունենանք արժեք, բացի մեր ֆիզիկական մարմնից, սննդի մասին մտածելուց, ունենանք հոգևոր արժեքներ, որոնց մասին այսօր մոռացել ենք և զբաղված ենք մեր ֆիզիկական մարմնի պահանջները բավարարելով»: