««Փաստ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ տարբեր բնագավառների աշխատակիցների աշխատավարձերին: Խոսքը հատկապես ռիսկային ոլորտներին է վերաբերում, ուր աշխատավարձերը, մեղմ ասած, անբավարար են: Նախորդ համարներում անդրադարձել էինք թատրոնների դերասանների, փրկարարների և հրշեջների աշխատավարձերին և տարվա ընթացքում ստացած պարգևատրումներին:
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձը վերջին անգամ փոխվել է 2015 թվականին՝ կապված նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ: Աշխատակիցների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձի կազմման համար որպես չափորոշիչ հիմք են ընդունվել ԱՊՀ երկրների մետրոպոլիտենի աշխատողների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձերի համամասնությունները:
«Ընկերությունում՝ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, աշխատողների հաշվարկված աշխատավարձը միջինացված հաշվարկով կազմում է՝ ամենացածրը՝ 96 161, միջինը՝ 160 000, բարձրը՝ 345 838 դրամ», — ասված է պատասխանում:
Հետաքրքրվել էինք՝ մետրոպոլիտենի աշխատակիցները ստանում են պարգևավճար և ինչ հաճախականությամբ: «Ընկերության աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար՝ խրախուսելու նպատակով տրվում է ամենամսյա պարգևավճար՝ հիմնական աշխատավարձի 10-ից 50 տոկոսի սահմաններում:
Բացի դա, հատուկ կարևոր հանձնարարություններ կատարելու համար, լավագույն աշխատակիցներն ընկերության տնօրենի հրամանով կարող են խրախուսվել միանվագ պարգևավճարով մինչև մեկ պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով», — տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: