տուն Լուրեր Մեծ Պահքին պետք է հոգին սնել աղոթքով

Մեծ Պահքին պետք է հոգին սնել աղոթքով

118
0

unnamed

Քրիստոնեական կյանքում Մեծ Պահքի նշանակության մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Զենոն Բարսեղյանը:

«Մեծ Պահքը տևում է Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության՝ Զատիկի տոնի նախօրեին: Այն տևում է 48 օր: Պահքի ընթացքում օգտագործվում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերքներ»:

Պահքը ընդունել, որպես միայն բուսական մթերքներով սնվելու ժամանակ սխալ է, նշեց Տեր Զենոն Բարսեղյանը: « Պահքը երբ չի ուղեկցվում աղոթքներով, դա պահք համարվել չի կարող: Պահքը միայն բուսակերությամբ չի արտահայտվում: Հոգին ևս ունի սննդի կարիք, և դա աղոթքն է»:

Մեծ Պահքի բոլոր շաբաթներն ունեն իրենց խորհրդանիշները, հայտնեց Տեր Զենոն Բարսեղյանը: «Մեծ պահքի առաջին կիրակին բուն Բարեկենդանն է: Մենք ունենք մեծ ճանապարհ գնալու՝ Մեծ Պահքի ժամանակ: Մեր հոգևոր արթնությունը պետք է, որ կարողանանք անցնել այդ երկար ճանապարհը: Երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին է: Այն խորհրդանշում է մեր դրախտի կյանքից արտաքսվելը: Այս շրջանում պետք է մենք ճանաչենք մեր մեղավորությունը: Երրորդը՝ անառակ որդու վերադարձի կիրակին է: Մենք ամեն մեր արածի համար պետք է զղջանք: Մեր պահեցողությունը այստեղ պետք է ուղղեկցվի ողորմությամբ և զղջումով: Ողորմած լինում է այն մարդը, որն իր մեջ ունենում է սեր»:

Քանի որ պահեցողությունը երջանկության և ուրախության ժամանակաշրջան չէ, դրա համար արգելվում է ամուսնությունը պահքի շրջանում, ասաց Տեր Զենոն Բարսեղյանը: «Պահք պահել չի թույլատրվում հղիներին և հիվանդ մարդկանց: Նրանց լավ սնունդ է հարկավոր, որ վերականգնեն իրենց ուժերը: Այս պատճառով պահք պահելն այնքան լավ չի լինի իրենց համար»: