տուն Տնտեսական Մետաղների միջազգային գների աճի միտումները հուսադրող չեն

Մետաղների միջազգային գների աճի միտումները հուսադրող չեն

99
0

cvetmet

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ինչպես նաև 2015թ.-ի ընթացքում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա զգալի նպաստ ունեցավ հանքագործական արդյունաբերությունը իր բարձր աճի տեմպերով: Թեև այս ժամանակահատվածում այդ ոլորտի ֆիզիկական արտադրանքի ծավալները աճել էին մոտ 50%-ով, սակայն համաշխարհային շուկաներում բորսայական մետաղների ցածր գների պատճառով Հայաստանը զգալի եկամուտներ կորցրեց:

Հիշեցնենք, որ 2008-2009թ.-ի  ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, էներգակիրների և բորսայական մետաղների գները զգալի անկում գրանցեցին, սակայն 2010. և 2011 թվականներին դրանք կրկին զգալիորեն բարձրացան, հասնելով բավականին բարձր նիշերի, որից հետո 2011 թ.-ից սկսած սկսեցին դանդաղորեն նվազել: 2014 թվ.-ին նորից գրանցելով որոշակի փոքր աճ, բորսայական գները կրկին սկսեցին նվազել, որը շարունակվեց մինչև 2015 թ.-ի վերջերը, հասնելով աննախադեպ ցածր նիշերի: 2016 թ.-ին նորից բորսաներում մետաղների գնային աճ նկատվեց:

Թեև 2016 թ.-ի այդ աճը այնքան զգալի չէ, այնուամենայնիվ, այս տարվա վիճակը ավելի բարվոք էր մետաղների գնային առումով քան նախորդ 2015 թ.ին: Չնայած դրան,  մեր տնտեսության  համար կարևոր  արտահանվող մետաղների՝ պղնձի և մոլիբդենի, ինչու չէ, նաև ոսկու գները կարելի է ասել, որ դեռևս գտնվում են ցածր մակարդակի վրա և մեր երկիրը բավականին տուժում է դրանից՝ թե տնտեսական աճի, թե կորսված եկամուտների տեսքով:

Այսպես, պղնձի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ներկա պահին կազմում է 4600 $/տ: Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին այն կազմել է 4300$/տ, 2015 թ.-ի հունվարին 6130 $/տ, իսկ 2014 թ.-ի հունվարին 7330 $/տ:

Մոլիբդենի գինը տվյալ պահին Լոնդոնի մետաղական բորսայում (LME) կազմում է 16500 $/տ: Այս տարվա հունվարին այն կազմել է 12000$/տ,  2015 թ.-ի հունվարին 21000 $/տ, իսկ 2014 թ.-ի հունիսին 33000 $/տ:

Ոսկու գինը Նյու Յորքի առևտրային բորսայում ( NYMEX) ներկա պահին կազմում է 1330 $/տր. ունցիայի համար: Համեմատության համար նշենք, որ այն այս տարվա հունվարին կազմել է 1060$/տր. ունցիայի, 2015 թ.-ի հունվարին 1280 $/տր. ունցիա, իսկ 2014 թ.-ի հունվարին 1240 $/տր. ունցիայի համար: Մոտավորապես նույնպիսի գնային դինամիկա են ցուցաբերել մյուս մետաղները՝ պլատինը, ալյումինը, ցինկը, նիկելը, անագը, կապարը և այլ մետաղները:

Դիտարկենք, թե ինչ գործոնների ազդեցության ներքո են համաշխարհային շուկաներում պղինձը, մոլիբդենը և ոսկին այս տարվա ընթացքում որոշակի գնային աճ ունեցել: Միանգամից, կարող ենք ասել, ներկա պահին մետաղների գների վրա ազդող ամենակարևոր գործոններն են՝ Չինաստանի տնտեսությունը և ամերիկյան դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքների քաղաքականությունը: Վերջինս ազդեցությունը հատկապես ուժեղ է ոսկու գների վրա: Այս տարի, ԴՊՀ-ն  զերծ մնաց տոկոսադրույքները բարձրացնելուց,  թողնելով 0.5% մակարդակի վրա, որի արդյունքում էլ ոսկին մի փոքր գնային աճ ունեցավ: Աշնանը կամ դեկտեմբերին հնարավոր է ԴՊՀ-ն նորից  բարձացնի տոկոսադրույքը, որի արդյունքում դոլարը կուժեղանա, իսկ ոսկու գները կնվազեն, եթե իհարկե Հնդկաստանի և Չինաստանի կողմից ոսկու նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ չգրանցվի այս աշնանը: Բացի ամերիկյան դոլարի կուրսից, ոսկու գների վրա ազդում են նաև երկու հիմնական սպառողների՝ Հնդկաստանի և Չինաստանի շուկաները:

Գաղտնիք չէ, որ Չինաստանը բորսայական մետաղների  խոշոր ներմուծող երկիր է, որի բաժինը կազմում է մետաղների համաշխարհային պահանջարկի մոտավորապես 40%-ը: Այդքան է նաև   զտված (ռաֆինացված) պղնձի նկատմամբ պահանջարկի մասնաբաժինը:  Այս տարի Եվրագոտու, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Չինաստանի տնտեսությունների վերաբերյալ ստացվող դրական ազդանշանների ժամանակ պղնձի գները բորսաներում աճել են, ինչպես օրինակ  փետրվար-մարտ ամիսներին, ինչպես նաև  հունիս-հուլիս ամիսներին: Մնացած ամիսների անկման միտումներ է ցույց տվել: Չինաստանը այս տարի մեծացրել է զտված պղնձի ներմուծումը 7% -ով, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում մոտ 1,5%-ով  նվազել է սպառումը:  Չինաստանի այդ պահանջարկի աճի արդյունքում էլ այս տարի պղնձի գները մի փոքր աճ են գրանցել 2015 թ.-ի համեմատ:

Իսկ մոլիբդենի շուկայում գերիշխում են գնորդները: 2015 թ-ին 47% -ով մոլիբդենի գները նվազել են համաշխարհային տնտեսության տնտեսական աճի դանդաղեցման պատճառով: Բացի այդ մոլիբդենին նոր փոխարինող նյութեր են կիրառվում: Այս տարի Չինաստանում մոլիբդենի նկատմամբ պահանջարկի աճ գրանցվեց, որն էլ նպաստեց գների աճին, սակայն մոլիբդենի շուկան դեռևս գտնվում է անորոշության մեջ:

Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է ցածր տնտեսական ակտիվության վիճակում: Հույսը կրկին Չինաստանը և Հնդկաստան  են: Չինաստանը երկրորդ եռամսյակում գրանցել է 6,7% աճ, ԱՄՆ և Եվրամիությունը գրանցել են համապատասխանաբար 1,2% և 1,8% ցածր աճի ցուցանիշներ, Ճապոնիայում վիճակը նույնպես վատ է իր 0,2% աճի ցուցանիշով: Բրազիլիայում  ստագնացիա է: Այսպիսի իրավիճակում առայժմ մետաղների նկատմամբ պահանջարկը չի բարձրանալու և գների էական աճ չի գրանցվելու:

Ս.Մանուկյան