տուն Լուրեր Մեր թիմը շատ լավ պայքարում է Երևանից Հրազդան հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների...

Մեր թիմը շատ լավ պայքարում է Երևանից Հրազդան հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ. Ա. Աշոտյան

99
0

armen-ashotyan_3

«ՀՀԿ-ն Հրազդանի ընտրություններում առաջադրել է գործող քաղաքապետին, և անձամբ հետևում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին:  Հրազդանի պարագայում իրավիճակը մի քիչ այլ է, որովհետև որոշ քաղաքական շրջանակներ փորձում են այդ ընտրությունները վերածել ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների լոկալ ընտրությունների, այլև դարձնել քաղաքական: Ինչևէ. մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հրազդան քաղաքում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Հրազդանն այն տեղը չէ, որտեղ տարբեր ոչ հրազդանցի քաղաքական գործիչներ փորձեն կայացնել սեփական քաղաքական միավորումները»:

Հիշեցնենք՝ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են գործող քաղաքապետ, Հանրապետական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

ՀՀԿ փոխնախագահը չնայած համոզված է, որ իրենց առաջադրած թեկնածուն ընտրություններում հաղթելու համար օգնության կարիք չունի, սակայն շեշտեց. իրենց  թիմին միայնակ չեն թողնի: «Քաղաքական հյուրախաղերը տեղին չեն հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, որտեղ քաղաքացիները շատ լավ գիտեն թեկնածուներին, այսինքն՝ լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն մենք չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու, եթե կարիք լինի: Այս պահին դրա կարիքը չկա»:

Araratnews.am-ի հարցին՝ ինչպե՞ս է  գնահատում թեկնածուների հնարավորությունները, Աշոտյանն ասաց՝ չի ցանկանում քաղաքական գնահատականներ հնչեցնել:

«Հրազդանում որոշում կայացնողը հրազդանցին է: Պարզապես շեշտեմ, որ մեր թեկնածուն ունի շատ լավ շանսեր և՛ աշխատանքով, և՛ գալիք քարոզարշավով ապացուցելու՝ անկախ նրանից, որ Հրազդանում կան որոշակի խնդիրներ, այդ խնդիրները հնարավոր է լուծել իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի շրջանակներում», հավելեց ՀՀԿ-ական գործիչը:

Շողիկ Գալստյան