տուն Լուրեր Մեր կուսակցության անդամները ևս կդասավանդեն դպրոցում. Արմեն Աշոտյան

Մեր կուսակցության անդամները ևս կդասավանդեն դպրոցում. Արմեն Աշոտյան

108
0

armen

Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշմամբ հիմնվող Անդրանիկ Մարգարյանի անունը կրող քաղաքական դպրոցի կայացման բեռը դրված է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուսերին: Քաղաքական դպրոցը  հիմնելու նպատակը, Աշոտյանի խոսքով, կուսակցության անդամների ու համակիրների ինտելեկտուալ կարողությունները բարելավելն է՝ այդպիսով նպաստելով քաղաքական ու քաղաքագիտական մտքի զարգացմանը:

«Երբ հայտարարվեց այն մասին, որ կուսակցությունը պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, ոմանք հումորի բարձր աստիճան ցույց տվեցին, ոմանք էլ՝ քաղաքական մաղձի բարձր աստիճան: Իրականում տարատեսակ արձագանքներն ինձ չեն զարմացնում, որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջինն է Հայաստանում, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Տեղին չեմ համարում կարոտախտով տառապող որոշ մարդկանց կողմից դպրոցի հիմնումը խորհրդային կարգերի հետ համեմատելու փորձերը»,- նշեց Աշոտյանը՝ նկատի ունենալով այն, որ քաղաքական դպրոց հիմնելու հանրապետականների որոշումը  տարբեր քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ մեկնաբանեցին որպես փորձ՝ վերականգնելու Կոմկուսի բարձրագույն դպրոցները:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են դասավանդելու դպրոցում. «Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես մեր կուսակցության համապատասխան թեմաներին ու ոլորտներին տիրապետող անդամներ, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելությունն այս պահին երկրորդական է: Կարևոր է, որ դասավանդեն լավագույն մասնագետները»:

Աշոտյանն ասաց՝ դասավանդելու նպատակով, օրինակ, սիրով կհրավիրի քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին, եթե նա համաձայնի: Չբացառեց նաև, որ ինքը ևս որոշ առարկաներ կդասավանդի:

Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը դասավանդելո՞ւ, թե՞ ուսանելու են այդ դպրոցում, Արմեն Աշոտյանը կտրուկ արձագանքեց. «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:

Araratnews.am-ի հարցին՝ տապալվելու մտավախություն չունե՞ն՝ հաշվի առնելով այն, որ քաղաքագետները պնդում են՝ Եվրոպայի օրինակին հետևելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, Աշոտյանը պատասխանեց. «Եթե Հանրապետական կուսակցության մոտ չստացվի քաղաքական դպրոցի կայացումը, այն չի ստացվի ոչ մի կուսակցության մոտ գալիք հինգ տարիների ընթացքում»:

ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ քաղաքական դպրոցի բացումն, ըստ երևույթին, տեղի կունենա մայիս ամսին: