Երեկ բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր՝
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015 թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները»:
Araratnews.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Բնապահպանության նախարարությունից, թե արդյոք նախարարության կողմից սահմանվել է որոշակի քանակ գայլերի որսի համար:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից տեղեկացանք, որ վերը նշված որոշման համաձայն՝ նախատեսված էր ընդունել մոտ 200 գայլի մորթի: Առաջին փուլում ընդունվել է համապատասխան քանակությամբ մորթի, իսկ այս փուլում նախատեսվում է 87 մորթի ընդունել:
Առաջին հայացքից բնապահպան Սիլվա Ադամյանին այս որոշումը սխալ չի թվում: Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ հասկանում է՝ ժամանակ առ ժամանակ որս պետք է արվի , ընդ որում այն պետք է արվի ճիշտ քանակով: Նշված քանակը անհանգստություն չի առաջացնում, բացի այդ էլ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նախարարությունը բնապահպաններին հավաստիացրել է, որ միայն որսի ժամանակ է իրականացնելու այս միջոցառումը: Այս մասով տիկին Ադամյանը բողոք չունի, մինչդեռ հարցն այլ ցավոտ կողմեր ունի.
«Սովորաբար գումար տրվում է, երբ որսը կատարվել է որսի սեզոնից դուրս: Սա դրական քայլ կարող է դիտվել, եթե հիմա մորթի հանձնող որսորդներին չտրվի դրամական պարգև: Բայց գիտեք, սա պատկերացնելը փոքր-ինչ դժվար է, որովհետև գայլի որսը շատ դժվար բան է: Եթե դրա համար չկա վարձատրություն, ապա սա կլինի առաջին քայլը՝ ուղղված դեպի իրավիճակի բարելավմանը, որովհետև առանց գումարի ոչ մեկը չի գնա գայլի որսի, կկրակեն միայն պաշտպանության դեպքերում: Ես առհասարակ կոչ կանեի նախարարությանը՝ սրա համար գումար չտալ մարդկանց»,- շեշտեց Ադամյանը:
Ինչպես տեսնում ենք բնապահպանի լավատեսությունը, սակայն, այս անգամ էլ արդարցված չէ, որովհետև նախարարությունից մենք տեղեկացանք, որ մի գայլի մորթու համար դրամական պարգևը կազմում է շուրջ 124 հազար դրամ:
Բնապահպան փորձագետ Գալուստ Նանյանը այս հարցի շուրջ իր մտահոգությունները հայտնեց՝ կառավարության 16.04.2015 թ. թիվ 431-Ն որոշումից անցում կատարելով ՀՀ ԲՆ-ի կողմից ընդունված մեկ այլ որոշմանը, որը ՀՀ բնապահպանության նախարարն ստորագրել է ս. թ. օգոստոսի 13-ին։ Այն վարաբերվում է ՀՀ տարածքում որսի կենդանիների 2015-2016 թթ. սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակներին. «Հրամանում հղում է տրված «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետին, սակայն այդ փաստաթղթում բացակայում են տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները՝ ըստ թռչնատեսակների եւ կենդանատեսակների»,- ասաց Գ. Նանյանը՝ հավելելով, որ ընդամենը նշված է՝ յուրաքանչյուր որսորդ կարող է յուրաքանչյուր որսի ընթացքում որսալ, օրինակ, 10 թեւ լոր, 5 քարակաքավ, 5 արտույտ եւ այլն…
Բնապահպանը նաեւ մտահոգիչ է համարում նույն հրամանի 2-րդ կետը, որի արդյունքում 2015-2016 թթ. որսաշրջանի ընթացքում վերոհիշյալ կենդանատեսակների համար որսի թույլատվություն ստացած անձանց չի արգելվում իրականցանել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որսը:
«Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում, որ եթե գայլերի որսի համար արձակվել է առանձին հրաման, ապա այս դեպքում ինչո՞ւ է սիրողական որսաշրջանի համար ստորագրված հրամանում նույն գայլերի համար նշվում, որ դրանց որսը չի արգելվում, այսինքն՝ կարելի է որսալ անսահմանափակ քանակով»,- նկատեց Գալուստ Նանյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նման հրամանում հիմք են ընդունում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդկրոէկոլոգիայի ինստիտուտի ներկայացված առաջարկությունները, ինչի արդյունքում ստեղծվում եւ ընդունվում է նման հրաման. «Մինչ օրս դեռ հստակ հաշվարկ չկա, թե Հայաստանում որքան են կազմում բնության սանիտարները՝ գայլերը» :
Մեր զրուցակիցը նաեւ հիշեցրեց, որ օգոստոսի 13-ի հրամանի 2-րդ կետում նշված «ԱՆՁԱՆՑ» արտահայտությունը ընթերցելիս հասկանում նք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ձեռք բերելու որսի համար թույլտվություն, այն դեպքում, երբ որսորդությամբ զբաղվողը պետք է, ըստ օրենսդրության, գրանցված լինի Հայաստանի Որսորդների եւ ձկնորսների միավորումում. «Իսկ վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ում գրանցված է ավելի քան 28 հազար որսորդ եւ ձկնորս։ Այս թիվը կազմում է ՀՀ բնակչության գրեթե 1 տոկոսը։ Ինչպես երեւում է՝ մեր կառավարությունը չի սիրում բնության սանիտարներին»,-եզրափակեց Նանյանը:
Վարդուհի Ստեփանյան