Եվրասիական տնտեսական միությունում ավելի շատ են կոռուպցիայի ռիսկերը և մարդու իրավունքերի պաշտպանության խախտումները, քան ներկա պահին Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: « Հիմա մենք մտնում ենք ԵՏՄ, մտնում ենք մի միություն, որտեղ կոռուպցիան ավելի մեծ տեղ ունի, քան Հայաստանում: Ռուսաստանի վարած քաղաքականությունից էլ մենք՝ հայերս սովորելու ենք կաշառակերությանը»:
Համաշխարհային կաշառակերության ցուցանիշներով Հայաստանը գտնվում է 94-րդ տեղում՝ 174 երկրների մեջ. «Կոռուպցիայի ցուցանիշներով Հայաստանը գտնվում է ավելի բարոք վիճակում, քան ԵՏՄ անդամակից երկրները: Ռուսաստանը գտնվում է 144-րդ տեղում: Ռուսաստանում ամեն 10 հազար բնակչից 3,5 տոկոսը պոտենցիալ կաշառակեր է: Հայաստանում պատկերն այլ է՝ 10 հազար բնակչի 1,7 տոկոսն է կաշառակեր: Անգամ Ադրբեջանի ցուցանիշը ավելի լավն է, քան Ռուսաստանինը՝ ցուցակում 122-րդ տեղում է»:
Հայաստանում ներկա պահին կա կոռուպցիայի 60 տեսակ՝ ըստ Ահարոն Ադիբեկյանի: «Կաշառքը նախ առաջինը դանդաղեցնում է տնտեսական աճը: Ընտրությունների ժամանակ էլ կաշառակերությունը հասնում է ռեկորդային թվի: Ցավալի է հայտնել, բայց մեր իրավունքները պաշտպանելու համար մենք ստիպված ենք լինում կաշառել դատական համակարգին: Սա ցավով եմ հայտնում, քանի որ այս կերպ վառ արտահայտվում է մարդու իրավունքերի ոտնահարումը»: