«Մենք դեռևս շարունակում ենք աշխատել այդ մոդելի վրա: Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը, կարծում եմ, ճիշտ չի լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ, ի՞նչը փարատեց նրա մտահոգությունը, որ որոշում կայացվեց քննարկել միայն խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու հարցը:
«Այնուամենայնիվ, մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, մյուս կողմից որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը և ինչ լեգիտիմացիայի աստիճան պետք է ունենա այն անձը կամ այն մարմինը, որը այդ որոշումներն է կայացնում»:
Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պարագայում հնարավոր է քաղաքական ուժերի լիակատար կոնսոլիդացիա ապահովել, Հարությանյանն արձագանքեց՝ վստահ է, որ ոչ բոլորը կպաշտպանեն այդ մոդելը. «Բազմակարծությունը հասարակությունում հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն, իսկ այն, որ հիմա բոլորի հետ փորձում ենք աշխատել, դա էլ է փաստ»:
Դավիթ Հարութունյանը հայտնեց նաև, որ շուտով կսկսեն քաղաքական ուժերի հետ հանդիպումները: Դիտարկմանը, թե աշնանը սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, Հարությունյանն ասաց, որ չի կարող ասել. «Չէի ցանկանա նախապես ինչ- որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է, կքայլենք, կերևա»,- նշեց նա: