Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հրաժարականը:
Դասախոս Հասմիկ Իսրայելյանը նշեց, որ ինստիտուտում շատ խնդիրներ կան, և ուսանողները ցանկանում են ստանալ իրենց վարձավճարներին համապատասխան կրթություն. «Մեզ մոտ միայն լսարանային դասեր չեն, լինում են նաև նկարահանումներ, որոնց համար համապատասխան պայմաններ չկան, որը կապված է ֆինանսավորման հետ: Հիմա ուսանողները մեզ մոտ 600 հազար մուծելով, բնականաբար, պետք է պահանջատեր լինեն»:
Ուսանողներից մեկն էլ նշեց, որ դեռ նախորդ ուսումնական տարվա վերջին արդեն սկսել էին իրենց բողոքները, սակայն իրենց լսող չի եղել. «Դեռ այն ժամանակ մի քանի հանդիպում ենք ունեցել վարչական կազմի հետ: Իսկ հիմա նոր փաստերի հետ կապված իրավիճակն ավելի բորբոքվեց, և, ինչպես տեսնում եք՝ ուսանողների համբերության բաժակը լցվել է»:
Ուսանողների հիմնական պահանջը վարչական կազմի հրաժարականն է:
Օպերատորության բաժնից ուսանողներից մեկն էլ նշեց, որ հիմնականում խնդիրներ են եղել այն ժամանակ, երբ ինչ-որ բան են պահանջել ու որպես պատասխան մերժում են ստացել. «Մեր վիճակն ամենաաբսուրդն է, պավիլիոն պետք է լինի, որ լույս դնենք, ֆոտո սովորենք. 60 թվի լույս է, որ մի 3 հոգով պետք է դնենք, պահենք: Մենք մեր պահանջները ներկայացրել ենք, իսկ Մուրադյանը ինչ-որ ցինիզմով էր հանդես գալիս»: