«Ես զերծ կմնամ վարչապետի ասածները մեկնաբանելուց, բայց որպես համապատասխան հանաձնաժողովի տեղեկատու, պատգամավոր ես կփորձեմ իմ տեսակետն ասել: Ցանկացած հայտարարություն ապացուցվում է գործերով. եթե այդ ժամանակաշրջանում չեն երևա հստակ քայլեր, ապա ժամանակ առ ժամանակ կլինի համապատասխան գնահատական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի հատարարությանը, որը նաև վերաբերում էր մենաշնորհներին:
Խոսելով մենաշնորհների հետ կապված խնդիրների մասին՝ Այվազյանն ասաց.«Եթե խոսքը վերաբերում է մենաշնորհներին, այդտեղ մենք ունենք որոշակի խնդիրներ, և հաջողություններ դեռ չեն գրանցել: Ինչ վերաբերում է մենաշնորհների պաշտպանության և մենաշնորհների դեմ պայքարին՝ կառավարության դերակատարումը կա, բայց մենք նաև ունենք առանձին մարմին մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը որպես անկախ մարմին առանձնացված է ցանկացած կառավարման համակարգից, այդ թվում նաև կառավարությունից»:
Պատգամավորը նաև հավելեց, որ մենք հիմա մարտահրավերների առջև ենք կանգնած և թևակոխել ենք մի փուլ, որտեղ չունենալով տնտեսական հաջողություններ, սակայն, մեծ համախմբվածություն ունենք:
Ասուլիսի մյուս բանախոս Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ նշեց, որ համաձայն է պարոն Այվազյանի՝ լուրջ մարտահրավերների առջև կանգնած լինելու մտքի հետ, բայց ավելացրեց, որ մենք միշտ ենք կանգնած եղել այդ մարտահրավերների առջև.«Հիմա եկավ այն ճակատագրական պահը, որ դրանք ավելի երևացող դարձան, հիմա եկել է պատասխանատվություն կրելու պահը, որովհետև, ով ունի իշխանություն, նա էլ կրում է պատասխանատվություն:
Մենք խոսում ենք, որ այս կամ այն պաշտոնյան ազատվեց աշխատանքից, բայց աշխատանքից ազատելը դա ադմինիստրատիվ տույժ է, իսկ երբ խոսքը գնում է բանակի, զինվորի մասին, արդեն հարցը պետք է գնա քրեական պատասխանատվության և քրեական պատժամիջոցների մասին, բայց մենք այդ քրեական պատժամիջոցները չենք տեսնում: Իսկ հանրապետության նյութական ռեսուրսը, որը կարող է ուղղվել բանակին, սեփական ոչ օրինական հարստացմանն է ուղղվում, որը պետական հանցանք է»:
Անուշ Սեդրակյանը ևս անդրադարձավ մենաշնորհներին և հավելեց.«Հայաստանում կա ևս մեկ միտում, որը շատ բնորոշ է մենաշնորհային երկրներին: Հիմա այնպես են անում, որ Հայաստանում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ բոլոր պայքարողները գլխավոր են հենց այդ կոռուպցիայում և մենաշնորհներում. ստացվում է կախարդական շրջանակ, որտեղ հասարակությունը չունի վերահսկողություն»: