Այսօր սիրված հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 81 տարեկան:
Դերասանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են նրա բազմաթիվ խաղընկերներ, նաև Դմիտրի Խառատյանը, ով իր շնորհավորական խոսքում Ջիգարխանյանին մաղթել է` ուրախացնել հանդիսատեսին ու գործընկերներին նորանոր դերերով։
«Վարպետ։ Կարելի է ասել` իմ ուսուցիչը՝ մարդ, ում ազգանունը վերջանում է «յան»-ով, ինչպես իմը՝ մենք «յան»-ներ ենք։ Մենք վաղեմի խաղընկերներ ենք, մենք նրա հետ միասին շատ ենք աշխատել տարբեր ֆիլմերում։ Դրանցից մեկում նա դահիճ էր ու իմ գլուխն էր կտրում։ Խոսքը «Մարգո թագուհին» ֆիլմի մասին է, որտեղ ես դը Լա Մոլի դերն էի կատարում։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք, ուրախություն, ստեղծագործական հաջողություններ, առողջություն։ Եվ որ նա շարունակի մեզ՝ իր խաղընկերներին ու հանդիսատեսին, ուրախացնել կինոյի ու թատրոնի նորանոր դերերով»:
ՌԴ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆթը շեշտել է, որ Ջիգարխանյանը իր սիրելի արտիստն է։ «Նա մեծ դերասան է, հրաշալի դերասան։ Ես նրան անչափ սիրում եմ: Թեկուզ ամեն օր կարող եմ քեզ շնորհավորել, իմ շատ սիրելի արտիստ: Մաղթում եմ շատ-շատ առողջություն, և որպեսզի այն ոչ թե հեռանա, այլ` գա»,- ասել է Գաֆթը «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ջիգարխանյանը ծնվել է 1935 թ․ հոկտեմբերի 3-ին Երեւանում։ Կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում:
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում):