Մենք Վենետիկի հանձնաժողովին չենք հարցնում սահմանադրականության հարցը, մեր հարցադրումները Վենետիկի հանձնաժողովին այլ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Ստամբուլի կոնվենցիային։
Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել կոնվենցիան ուղարկել Վենետիկի հանձնաժողով, նա պատասխանեց՝ որոշվել է, որովհետև կարծում են, որ այդ խորհրդատվական կարծիքը կարող է օգտակար լինել։
Ինչ վերաբերում է կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին, նախարարն ասաց, թե քաղաքացիներին խորհուրդ կտա ուշադիր լինել՝ ինչի տակ են ստորագրում։
«Որովհետև որոշակի լուրեր են ինձ հասել, որ, օրինակ՝ ասում են՝ «սա ի՞նչ է, ինչի դեմ ենք ստորագրում», ասում են՝ «սա այս-այն երևույթներն է կարգավորում ու փորձում է ներմուծել Հայաստանի իրավական համակարգ, մեր ազգային ավանդույթների դեմ ինչ-որ բաներ, և մարդիկ, ելնելով դրանից, ստորագրում են»,- ասաց նա։
Ռուստամ Բադասյանը կոչ արեց ինքնուրույն ծանոթանալ կոնվենցիայի տեքստին։
Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալու են հոկտեմբերին։