Տերյան 23, 25 Լալայանց 7 շենքերը գերակա շահ ճանաչելու, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ապօրինի բնակիչների բնակարաններից դուրս հանելու, դեռ չմշակված շինարարության մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեցին բազմաբնակարան շենքերի բնակիչները: Այս շենքերում բնակվող 29 բնակարանների սեփականատերեր չեն ցանկանում լքել իրենց բնակարանները:
Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը ներկայացրեց, որ 2007-ի մարտի 1-ից սկսվել է այս խնդիրը և շարունակվում է մինչ օրս: Արդեն 8 տարի է, ինչ այս շենքերը ունեն այս խնդիրը: Կառավարությունը այս որոշումը կայացրել է, սակայն բնակիչները ցանկանում են գերակա շահ ճանաչելու պատճառն իմանալ:
Վարդան Գերավետյանը շեշտեց, որ անցյալ տարի նամակ է ուղարկել քաղաքապետարան, և իրենց չբավարարող պատասխան ստացել: «Անցած տարի ես նամակ եմ ուղարկել քաղաքապետարան, թե ինչո՞ւ են ճանաչել քաղաքապետարանում գերակա շահ այս հասցեներում գտնվող շենքերը, և ինչ կառույցներ են այնտեղ կառուցվելու: Քաղաքապետարանից եկավ պատասխան, որ դեռ որոշում չկա, թե ինչ են կառուցելու: Փաստորեն, բիզնես-նախագիծ չունենալով և պատկերացում չկազմելով, թե ինչ են կառուցելու այս գերակա շահ ճանաչած շենքերի փոխարեն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն տարահանման ծրագիր է մշակել բնակիչների համար »:
Ըստ Վարդան Գերավետյանի, ամեն անգամ այս հարցը բարձրացնելուց հետո բախվում են Սամվել Մայրապետյանին՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրենին: Բնակիչը հավաստիացնում էր, որ Սամվել Մայրապետյանը չարաշահում է կառավարության վստահությունը և կատարում բացահայտ խարդախություն: Բնակիչները բացահայտ տեսնում են քաղաքապետարանի հովանավորությունը Սամվել Մայրապետյանի նկատմամբ: Վարդան Գերավետյնաը հայտնեց, որ Սամվել Մայրապետյանը ցանկանում է հյուրանոց կառուցել Տերյան 23,25 և Լալայանց 7 հասցեներում:
«Մենք թույլ չենք տա ինչ-որ մայրապետյանների՝ տիրանալ մեր բնակարաններին ու ապօրինի դուրս հանել մեզ մեր սեփական տներից: Մենք նվեր չենք տա նրան մեր բնակարանները»,- ասացին բնակիչները:
Բնակիչները կատարել են ստորագրահավաք՝ այս շենքերի գերակա շահ ճանաչման և բարենորոգման ծրագիրներ իրականացնելու դեմ: 6 օրվա ընթացքում արդեն 4400 քաղաքացի միացել է այս ստորագրահավաքին: Ստորագրահավաքի ավարտից հետո գործը հասնելու է Եվրադատարան, քանի որ բնակիչներին ենթարկել են հոգեկան ծանր ապրումների և բնակարանից ապօրինի կերպով զրկել են:
Արևիկ Նահապետյան