ԱյսօրԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոնախագահ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ վեհաժողովի վերջին նիստում հայկական պատվիրակության ձախողմանն ու Ադրբեջանի հաջողություններին:
«Այսքան տարիների ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է գոնե մեկ ադրբեջանանպաստ փաստաթուղթ պոկել ԵԽԽՎ-ից և դրա համար լուրջ ստվերային գործունեություն է ծավալում: Մենք փորձել ենք անել հնարավորը, որպեսզի հակահայկական այդ զեկույցը չընդունվի: Ես իմ ելույթի ժամանակ էլ մի շարք կարևոր փաստարկներ հնչեցրի, որից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը նյարդայնացավ և սկսեց պահանջել, որ դադարեցնեն իմ ելույթը»,- ասաց Նաղդալյանը:
Նաղդալյանը հավելեց, որ իր ելույթը սահմանված ժամկետից բավական երկար է եղել, քանի որ կարևոր փաստարկներ է ներկայացրել:
Անդրադառնալով այն լուրերին, որ ԵԽԽՎ նիստի ժամանակ իր խոսափողն անջատելն են և նիստերի դահլիճից իրեն դուրս հրավիրել, Նաղդալյանը ասաց, որ նման դրույթ ԵԽԽՎ-ում չկա:
«Մենք դուրս ենք եկել դահլիճից, երբ կատարել ենք մեր հայտարարությունն այն մասին, որ այդ զեկույցի վերաբերյալ մեր համագործակցությունը դադարեցնում ենք: Դրանից հետո մենք գնացել ենք դահլիճից»,-ասաց Նաղդալյանը և հավելեց, որ այս պահին պատվիրակության ղեկավարի փոփոխության հարցը չի քննարկվել, սակայն, հնարավոր է պատվիրակության կազմի փոփոխություն: