Այս տարվա ընթացքում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է յոթ նախագիծ, որոնցից երկուսը՝ Երևանում, իսկ հինգըˋ Գերմանիայում, Լեհաստանում և Էստոնիայում:
2014թ.-ի ընթացքում իրականացված նախագծերի շարքում կարելի է առանձնացնել «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը, «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը, «Տեքստ, ձայն, ստեղծագործություն» խորագրով «Արմին Տ. Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստիմիջ մշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա» նախագիծը, և «Առանց սահմանների» միջազգային փառատոնը՝ «Ժամանակ և տարածություն» կերպարվեստի գործնական աշխատանքով և համանուն ցուցահանդեսով:
«Շատ կարևոր էին այս ցուցահանդեսները, որ տեղի ունեցան: Մենք պետք է ներկայանանք աշխարհին որպես մշակութային ազգ և այն պետք ունենա շարունակական մոտեցում: «Մշակույթների երկխոսություն հիմնադրամը շատ ճիշտ է մոտենում ինչպես և ինչ ցուցադրելուն: Խոսքը չի գնում միայն ցուցահանդեսների մասին, այլև կինոյի, երաժշտության հետ կապված նախագծերին, որոնք համախմբում են և աշխարհին ներկայացնում ժամանակակից հայկական մշակույթը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին ասաց նկարիչ Նարեկ Ավետիսյանը:
Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին այսօր մասնակցում էին կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, նկարիչ Նարեկ Ավետիսյանը, դերասանուհի, գրող, ռեժիսոր Արմինե Անդան, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Միքայելյանը և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:
Այս տարի «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի առաջարկով Մորիթցբուրգի թանգարանում և Հալլե քաղաքի կինոդահլիճներից մեկում ցուցադրվել են հայ ժամանակակից ֆիլմեր, որոնց շարքում են նաև Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» և «Արարատից Սիոն» ֆիլմերը:
«Սա օդի և ջրի նման մի բան է: Մշակույթի երկխոսության պակասը վերջին 26 տարվա մեջ տեսանք, թե ինչ մշակութային անկման բերեց: Հիմա այ հենց դրա բացակայությունն է, որ հիմնադրամը փորձում է լրացնել, և ստեղծել մի մթնոլորտ, որը մշակութային դաշտից դուրս չլինի»,-ասում է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը:
Դերասանուհի, գրող և ռեժիսոր Արմինե Անդան ասում է, որ եկրից երկիր այնպիսի տարբերություն կա հանդիսատեսի շփման, որը ի վերջո ֆիլմը ստեղծողին պատմում այն մասին, թե ինչ են տեսնում իրենք քո ֆիլմում:
«Եվ միշտ չէ, որ դա համապաստանում է նրան, ինչ ռեժիսորը զգացել է այն ստեղծելիս: Ստեղծողի շփումը դրսում այլ հանդիսատեսի հետ շատ կարևոր է: Մենք ուզում ենք կապ ունենալ ամբողջ աշխարհի հետ, աշխարհի մի մասը լինել, ոչ թե փակված մնալ: Մենք ուզում ենք, որ մեր մշակույթը իր սահմանները բացի և դրսի հետ շփումը այդ իմաստով կարևոր է»,-ասաց Արմինե Անդան:
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Միքայելյանն էլ հավելեց, որ երիտասարդ երաժիշտները, նկարիչները և ռեժիսորները այսօր ունեն ինքնադրսևորվելու կարիք ինչ որ հարթակի վրա և ինչ որ ձևաչափում:
«Շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք կարողանանք Հայաստանում և արտերկրում պրոֆեսինոալ մակարդակով ներկայացնել մեր արվեստը: Սա է ամենակարևորը արտիստի համար»,-ասաց Հայկ Միքայելյանը:
Անդրադառնալով 2015-ի միջոցառումներինˋ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ հունիսին Հայաստանում կհյուրընկալվեն էստոնիայի ժամանակակից գրաֆիկ արվեստագետները, ովքեր Երևանում բացելու են իրենց ցուցահանդեսը:
«Եկող տարվա բոլոր միջոցառումները անմիջականորեն կապված են լինելու Հայոց ցեասպանության 100- ամյա տարելիցի հետ: Եթե անգամ անվան մեջ չկա, որ այսինչ նախագիծը նվիրված է Ցեղասպանության 100 ամյակին, միևնույն է բոլոր նախագծերը վկայում են, որ մենք 21-րդ դարում կանք և որոշ չափով համընթաց ենք քայլում միջազգային արվեստի զարգացումներին»,-ասաց Հարությունյանը: