ԱԺ-ում շարունակվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծի համահեղինակ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս նախագիծը պետք է ներկայացվի նաև ՊՆ-ին և Կառավարությանը, ինչպես նաև պետք է քննարկվի ծրագրի համար անհրաժեշտ ֆոնդի ստեղծման հարցը:
Մարուքյանն ընդգծեց, որ հիվանդությունների ցանկի մշակման կարիք չի զգացվում: «Օրինակ, ՊՆ-ի հետ նախագծի քննարկման ժամանակ ՊՆ-ն առաջնահերթությունը տվել է պրոթեզավորման խնդրին, որը կատարվում է արտերկրում, ուստի բնական է, որ այստեղ առաջնահերթ մտնում է հենց այդ խնդիրը»,-նշեց զեկուցողը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա Մարուքյանը շեշտեց, որ թեև նախագծի հեղինակները քննադատություններին լավ են վերաբերում և ի սկզբանե գովասանքների ակնկալիք չենք ունեցել, մինչդեռ չպետք է ստեղծվի մթնոլորտ, որում բոլորը պետք է մի բան փնտրեն փնովելու համար:
«Մենք գիտենք ոչ մի բան էլ իդեալական չէ, բայց նախագիծը պետական շահին է միտված, ուստի մնացած երկրորդական խնդիրները, որոնք կարող են ծագել, պետք է ստորադասվեն պետական շահին, իսկ ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա նախագիծը կարծրացած չէ: Մենք բաց ենք բոլոր առաջարկների առաջ և պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ, անգամ, եթե դա առաջին հայացքից անհեթեթ թվա»,-եզրափակեց Մարուքյանը: