«Ցեղասպանության տեղափոխումը իրավական հարթություն մեծ առաջընթաց է հայերիս համար»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Մեզ ամենամտահոգող հարցն արդեն իրավական հարթության վրա է անցել: Ներկա պահին մենք ունենք իրավաքաղաքական փաթեթ, հայեցակարգ, և միջազգային դատարան մտնելու համար՝ բավական հայցեր: Արդեն երևույթը մեծ դրական տեղաշարժ է, քանի որ մեր մտածողության մեջ մեծ հեղափոխություն է կատարվել: Եվ այն տենդագին ձգտումը, որ հարյուրամյակի նախօրեին պետք է կարևորագույն հաջողություններ արձանագրենք Թուրքիայի դիմաց պայքարում, մի փոքր տարօրինակ է: Մենք ուղղակի պետք է պատկերացնենք, որ Ապրիլի 24-ը մի հարթակ է, որն անցնելուց հետո սկսվելու է մի շատ քրտնաջան աշխատանք: Դա հատուցման աշխատանքն է, որը պետք է մենք իրականացնենք: Իրավաբանորեն հատուցում պահանջելն արդեն մեծ տեղաշարժ է Հայաստանի համար: Ցեղասպանության հետևանքով հատուցում պահանջելը իրավական դաշտում՝ մեզ հնարավորություն է տալիս հաղթանակ ունենալ 2-րդ հարյուրամյակում: Միայն ճանաչելը բավական չէ, հատուցում պահանջել է պետք»:
Հայեցակարգը ձևավորված չէ, որովհետև այն շատ փշոտ ճանապարհ է անցել, հայտնեց Աշոտ Մելքոնյանը: «Անկախության արդեն երրորդ տասնամյակում մենք սկսեցինք քննարկել հայեցակարգը: Սկսեցինք նաև քննարկել այն հարցը, որ հատուցում է պետք պահանջել»:
Արևելագիտության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանը ներկայացրեց, որ Թուրքիայում դեռ շարունակում են Արևելյան Հայաստանին անվանել Արևելյան Անատոլիա: «Հայոց ցեղասպանության հերքումը Թուրքիայի թիվ մեկ խնդիրներից մեկն է: Նրանք շարունակում են Արևելյան Հայաստանի հանդեպ կիրառել Արևելյան Անատոլիա տերմինը: Սա մեզ համար անընդունելի է, քանի որ այս տերմինի օգտագործումը հերքում է, որ այդ տեղում բնակվել են հայերը: Անատոլիա տերմինը կիրառվել է Ասիայի համար: Թուրքերն ամեն ինչ անում են, որ ներկայացնեն, թե այս տարածքները չեն պատկանել հայերին»: