ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «իսկապես համագործակցություն» որակեց ՀՀԿ-ի հետ վարվող բանակցությունները: «Կոալիցիայի մասին չի խոսք գնում, կա համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժետությունն ինքնին առաջացել էր այն բանից հետո, երբ որ մենք ունեցանք հանրաքվեի դրական արդյունքներ»,- նշեց Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքով ՀՀ իշխանություններն այսօր հեղինակազրկված են: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հեղինակազրկված իշխանությունների հետ համագործակցության գնում, նա պատասխանեց, որ ժողովուրդը գնալու է ձայն տա այդ հեղինակազրկված իշխանություններին: «Եթե մենք չփոխենք այս համակարգը, նույնն է լինելու: Մենք ուզում ենք համակարգը փոխել»,- ասաց նա:
Մեր Հարցին, թե հեղինակազրկված իշխանության հետ են ուզում փոխե՞լ, նա պատասխանեց. «Այո, ուրիշ ճանապարհ չկա, ինչ կապ ունի դա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում՝ իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի»: Դիտարկմանը, որ ավելի լավ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխամափոխության, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունները հեղինակազրկված են՝ դա բոլորիս պրոբլեմն է:
Արմեն Ռուստամյանի խոսքով իրենք համարում են՝ ճիշտ չի լինի, եթե այդ գործընթացներից մի կողմ քաշվեն ու մասնակից չլինեն: Նա ասաց, որ երբեք իրենք ինքնանպատակ կոալիցիա չեն մտել ու դուրս չեն եկել, իսկապես փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում: Լրագրողների դիտարկմանը, որ ՀՅԴ-ն մի քանի պորտֆելներ է պահանջում իշխանություններից, նա պատասխանեց. «Պորտֆելների մասին խոսակցությունը վաղ է, որովհետև դրա հարցում համաձայնություն գոյություն չունի»: Նա ասաց, որ համաձայնությունն այս հարցում երկկողմանի պետք է լինի, երբ կլինի համաձայնություն՝ կհրապարակեն: