ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակվում է 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկրորդ քննարկումը: Քննարկաման ձևաչափը, հիշեցնենք, ՀԱԿ-ին է, որին մասնակցում են թե´ իշխանության, թե´ ընդդիմության, թե´ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս կողմերի մոտ չի ստացվում արդյունավետ քննարկում ծավալել:
«Ուղիղ մեկ ժամ է մենք չգիտենք` ինչով ենք զբաղված, եթե այս տրամաբանությամբ շարունակենք, մինչև հունիսի մեկը կքննարկենք»,- արձանագրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Քննարկմանն ավելի արդյունավետ ընթացք տալու համար որոշեցին վարող նշանակել: Քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը համաձայնեց վարել քննարկումը:
Իհարկե, վարողի համար այնքան հեշտ չէ ընդհատել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, որը յուրաքանչյուր երկրորդ նախադասության մեջ հարկ է համարում հիշեցնել, որ ոչ մի հարցում իշխանություններին չի վստահում, սակայն կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատում է. «Մի´ վստահեք»:
Հասկանալով,որ չեն կիսում միմյանց կարծիքները, կողմներն ի վերջո որոշեցին քննարկումը շարունակել անկախ նրանից` ստացվո՞ւմ է որևէ հարցի շուրջ համաձայնության գալ, թե՞ ոչ: