տուն Լուրեր Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքն ու Արևմուտքի վստահությունը. Վարդան Օսկանյան

Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքն ու Արևմուտքի վստահությունը. Վարդան Օսկանյան

162
0

Օսկանյան

Երկրում հաստատվել է միակուսակցության փակ շղթա, որի  վերացման դեմ պետք է պայքարել:  Ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը: Վերջինիս խոսքով՝   ՀՀ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքն ու ցանկությունները: Իր ելույթում Վ. Օսկանյանը հատկապես կարևորեց տարածաշրջանի հետ ունեցած հարաբերությունները, որոնք նրա իսկ  բնորոշմամբ՝ երբեք ավելի վատ վիճակում չեն գտնվել:

«Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել: Անգամ պատերազմի տարիներին, այսքան մեծ անվստահություն կողմերի միջև չի եղել: Սա անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վարքաքիգծը, որի հետևանքները մենք տեսնում ենք ամեն օր ու շաբաթ: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ևս երբեք այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել: Հիմա դրանք ոչ թե զրոյական, այլ բացասական աստիճանի վրա են: Մենք դեռ ավելիին ենք ականատես լինելու: Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան երկկողմանի հարաբերությունները կվատանան»,-իր ելույթում նշեց նա:

Վարդան Օսկանյանը անդրադարձավ նաև Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Նրա դիտարկմամբ՝ Իրանի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բարի ցանկությունների սահմաններում, իսկ Վրաստանի հետ ոչ մի ոլորտում չի ստացվում կայուն համագործակցություն ձեռք բերել:

«Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքն ու Արևմուտքի վստահությունը: Այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է  ՝ իշխանափոխություն: Ով ինչպես ուզում է փաթեթավորի իր ելույթը՝ մենք մի բանի ենք հանգելու, այն է՝ ժողովրդի պահանջը՝ գնալ իշխանափոխության»,-եզրափակեց Վ. Օսկանյանը:

 

Վարդուհի Ստեփանյան