տուն Լուրեր Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը....

Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան

122
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը:

Ֆորումն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:

Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։

Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:

Մենք, որպես պետություն, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արևելք-արևմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի:

Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլև առևտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության և ընտանիքի մասը, այլև՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առևտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարևոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արևելքի ու արևմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։

Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ և կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլև արդեն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»: