տուն Լուրեր Մենք կառավարում ենք ոչ միայն մեր, այլ նաև քաղաքացիների ֆինանսական միջոցները...

Մենք կառավարում ենք ոչ միայն մեր, այլ նաև քաղաքացիների ֆինանսական միջոցները և պատասխանատվություն ենք կրում այդ ամենի համար. Սարիբեկ Սուքիասյան

172
0

Saribek  Suqiasyan

— Պարո´ն Սուքիասյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԿԲ-ի 2014թ.-ի դեկտեմբերի 30-ի որոշումը, համաձայն որի  2017թ.  հունվարի 1-ից բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալը  պետք է կազմի նվազագույնը  30 մլրդ  ՀՀ դրամ ներկա 5 մլրդ փոխարեն:

— Կարծում եմ, ՀՀ ԿԲ այս որոշման կատարումը  դժվար է լինելու  շատ բանկերի համար, քանզի շուկայում գործող 21 բանկերից տարեվերջի դրությամբ միայն 5 բանկեր էին համապատասխանում սահմանված նոր չափանիշին: Մնացած բանկերը ստիպված են լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակում: Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ Խորհրդում աշխատում են խորքային գիտելիքներով մասնագետներ և, ուրեմն, այդ որոշումն ընդունելիս  հաշվի են առել  բոլոր դրական և բացասական կողմերն ու հետեւանքները:

Հնարավոր է, որ ՀՀ ԿԲ  այս  որոշման  պատճառներից մեկը եղել է  դրամի արժեզրկումը, ինչի հետևանքով որոշ բանկերում դասակարգվող արտարժույթային վարկերի առկայությունը կարող էր վտանգել նրանց  կայունությունը և, հետևաբար, նաև ՀՀ ամբողջ բանկային համակարգը: Կարծում եմ, որ որոշում ընդունելիս ՀՀ ԿԲ, առաջին հերթին,  պետք է առավել ուշադրություն դարձներ նմանատիպ բանկերի կապիտալի մակարդակին:

Պետք է նշեմ, որ ՀՀ բանկային համակարգը ԱՊՀ երկրների բանկային համակարգերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

— Ինչքանով են  կառավարելի «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում այդպիսի ռիսկերը:

— Ամբողջ աշխարհում բիզնեսի տրամաբանության մեջ մի կարևոր հանգամանք կա՝ հնարավորինս փոքր կապիտալով ստեղծել համակարգ, որը մեծ շահույթ կբերի: Մեր Բանկի պարագայում դա այսօր արված է: Խոսեմ թվերով: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը,  ունենալով 2.3 մլրդ   դրամ կանոնադրական կապիտալ, մոտ 100 մլրդ դրամ ակտիվներ, 50 մլրդ  դրամ վարկային պորտֆել, ունի վարկերի վերադարձելության գրեթե 99,5%:

— Ավելի մանրամասն կարող եք ներկայացնել, թե  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը  իր կապիտալը ՀՀ ԿԲ որոշմանը համապատասխանեցնելու նպատակով:

— Քանի որ Կենտրոնական բանկի  որոշումն արդեն ընդունված է, մենք  կհամապատասխանեցնենք  կապիտալը այդ որոշմամբ սահմանված պահանջներին՝ արդեն այս տարվա վերջին այն  հասցնելով 20 մլրդ ՀՀ դրամի շեմին: Արդեն այս տարվա սկզբից  Բանկի  հիմնական բաժնետերերը մոտ 5 մլրդ  դրամով համալրեցին բանկի նորմատիվային կապիտալը: Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է 5 մլրդ  դրամի բաժնետոմսերի թողարկում, որոնք կիրացվեն բաց բաժանորդագրության միջոցով, այսինքն՝ կարող են ձեռք բերվել ցանկացած անձի կողմից: Հիմնական բաժնետերերս՝ Սուքիասյան եղբայրներս, նախատեսում ենք ձեռք բերել մոտ 4 մլրդ ՀՀ դրամի բաժնետոմսեր:

Արդեն հրապարակվել է բաժնետոմսերի թողարկման ազդագիրը` պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելով թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

— Իսկ   ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ բանկային շուկան 2017թ-ից հետո, ինչպիսի՞ն  են Ձեր կանխատեսումները:

— ԿԲ որոշման արդյունքը պետք է լինի հայաստանյան բանկերի խոշորացումը: Բայց, անկեղծ ասած, հայկական իրականության պայմաններում դժվարանում եմ հավատալ բանկերի միավորումներին, քանզի հայ սեփականատերը միշտ ձգտում է տիրապետել  բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթին. այլ տարբերակ նույնիսկ չի էլ դիտարկվում: Մեր ընտանիքը չունի նման կարծրատիպեր, մենք դիտարկում ենք համագործակցության ցանկացած արդյունավետ տարբերակ:

Այն բանկերը, որոնք կհաղթահարեն 2017թ-ի պատնեշը, կկանգնեն մեկ այլ խնդրի առջև, քանի որ մեր կանխատեսումներով  շուկայում մրցակցությունը շատ ավելի է սրվելու: Դա, իհարկե, պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ բանկերը ավելի շատ ազատ ռեսուրսներ կունենան: Ստեղծված իրավիճակում հնարավոր է որոշ բանկեր պարզապես դուրս մղվեն  մրցակցությունից: Այս պարագայում, իհարկե, առավելություն կստանան այն բանկերը, որոնք ավելի էժան ռեսուրսներ ունեն և առավել ճիշտ են կառավարում իրենց ակտիվները:

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք` կառավարիչներս, կառավարում ենք ոչ միայն մեր, այլ նաև քաղաքացիների ֆինանսական  միջոցները և պատասխանատվություն ենք կրում այդ ամենի համար:

Նշեմ նաեւ, որ շատ փորձագետներ հրապարակային իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են արտահայտում  ՀՀ ԿԲ այս որոշման վերաբերյալ, եւ ես չեմ բացառում ,  որ որոշման իրագործման ժամկետները կարող են  հետաձգվել մինչև 2020թ.:

— Պարո´ն Սուքիասյան, ինչպիսի՞ն է իրավիճակը շուկայում այսօր, որքանո՞վ են բանկերը նպաստում ՀՀ տնտեսության աճին:

— Բանկերը հանդիսանում են տնտեսության լոկոմոտիվը, ուրեմն և Կենտրոնական բանկը, եւ  Հայաստանի բանկերի միությունը պետք է մշտապես աջակցեն առեւտրային բանկերին: Այսօր հայկական բանկերն ակտիվորեն բանակցում են միջազգային դոնորների հետ՝ հնարավորինս ցածր տոկոսադրույքով ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով: Այդ օգնությունը բանկերը պետք է կարողանան նաև ՀՀ ԿԲ-ից ստանալ: Չէ՞ որ, որքան իջնի ներգրավվող ռեսուրսների «գինը», այնքան կիջնի վարկերի տոկոսադրույքը, ինչն էլ խթան կհանդիսանա տնտեսական ակտիվության բարձրացման համար:

Նորմատիվների միջոցով կարգավորումները` խոսքս վերաբերվում է ՀՀ ԿԲ կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացմանը, հիմնականում ժամանակավոր բնույթ պետք է  կրեն:

Հուսով եմ, որ մոտ ժամանակներս ՀՀ ԿԲ կմեղմացնի նաև պարտադիր պահուստավորման նորմատիվի նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի բանկային գործունեության, հետևաբար նաև տնտեսության ակտիվացմանը:

— Պարո´ն Սուքիասյան, հունիսի 19-ին կայանալու է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: Նախատեսու՞մ եք արդյոք շահաբաժիններ վճարել այս տարի:

—   «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  Խորհուրդը որոշում է ընդունել 2014թ. գործունեության արդյունքներով բաժնետերերին շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, և հարցը ներկայացրել է բաժնետերերի տարեկան ժողովի        քննարկմանը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի բաժնետոմսը ոչ միայն բանկի ղեկավարմանը մասնակցելու իրավունք է, այլ  նաև բաժնետիրոջ եկամտաբեր ներդրում:

Hraparak.am-ի այսօրվա համարից: