տուն Լուրեր Մենք կանխագուշակություններով չէինք զբաղված. Ասլանյանը հրաժարական չի տա

Մենք կանխագուշակություններով չէինք զբաղված. Ասլանյանը հրաժարական չի տա

139
0

856

Երեկ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, արձանագրելով, որ Վանաձորի գործող ավագանու մեկ տարվա և մեկ ամսվա  գործունեությունը եղել է հակասահմանադրական:

Հիշեցնենք, որ Վանաձորի ներկա ավագանին կազմավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին: 33 հոգուց բաղկացած ավագանու կազմում իշխող ՀՀԿ-ն եւ իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեն 15 անդամ: Չնայած իշխանական կոալիցիային չէր հաջողվել Վանաձորի ավագանիում մեծամասնություն ունենալ, բայց համայնքի ղեկավարի ընտրությունները փակ, գաղտնի քվեարկությամբ անցկացնելու շնորհիվ իշխանություններին հաջողվեց հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանին կարգել Վանաձորի քաղաքապետ: Բայց դրանով խնդիրը չլուծվեց, քանի որ Վանաձորի ավագանու մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ի 3 անդամները, ընդհանուր 18 հոգի, բոյկոտեցին ավագանու նիստերը:

Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ Araratnews.am-ը զրուցել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Պարո՛ն Ասլանյան, Սահմանադրական դատարանը փաստորեն արձանագրեց, որ անօրինական որոշումներ եք կայացրել, եւ ավագանու նիստերն իրավազոր չեն եղել:

Մինչեւ ՍԴ-ի որոշումն էլ, ես իմ հարցազրույցներում միշտ ասել եմ, որ մենք գործել ենք բացառապես օրենքի շրջանակներում, այդ պահին գործող օրենքի տառին համապատասխան: Հիմա ՍԴ-ն գտնում է, որ 64-րդ հոդվածի 3-րդ կետը ունի հակասություններ Սահմանադրության հետ եւ պարտավորեցրել է ԱԺ-ին, որ մինչեւ մարտի 31-ը փոփոխություն մտցնի Վանաձորի եւ Գյումրու ավագանիների իրավազորության հարցում, եւ քանի որ հակասահմանադրական է ճանաչել այդ նորմը, ապա նաեւ այդ  նորմի հիման վրա մեր կայացրած 5-6 որոշումները, եւ դրա համար ժամանակ է տվել, այսինքն` մեր կայացրած նիստերի, որոշումների, քաղաքապետի որոշումների մեջ հակասահմանադրական որեւէ խախտում չկա: Հետեւաբար սպասենք ԱԺ-ի կողմից ընդունվող փոփոխություններին, եւ դրանից հետո մեր գործողությունները համաձայնեցնենք այդ փոփոխություններին:

Բայց ՍԴ-ն արձանագրել է, որ այդ որոշումները հակասում են Սահմանադրությանը:

Իրանք գտել են, որ հակասում է  ՏԻՄ օրենքը, ոչ թե մեր գործողությունները, կոնկրետ մեր մասով չէ: ՍԴ-ն քննում է օրենքի եւ Սահմանադրության ճշմարտացիությունը, մենք գործել ենք այդ պահին գործող օրենքի տառին համապատասխան:

Իսկ իրավիճակը չի՞ ենթադրում, որ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ պետք է անցկացվեն, ընտրվի նոր քաղաքապետ:

Չէ՛, հենց ընդդիմադիր մեր սիրելի գործըկերներն այդ մասով լռում են, որովհետեւ այդ մասով ՍԴ-ն նրանց մերժել է: Եթե երեք ամիս մենք նիստեր չենք գումարել, բայց ՍԴ-ն դա ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, եւ նման խնդիր չկա, ուղղակի օրենսդրությունը պետք է ճշտվի:

Սպասելի՞ էր Ձեզ համար նման իրավիճակը:

Մենք կանխագուշակություններով չէինք զբաղված, որ սպասելի լիներ, ամեն դեպքում շատ մեծ անակնկալ էլ չէր, դա ՍԴ-ի որոշելիքն էր:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի