Թուրքիան ինքնուրույն որոշում կկայացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության դեմ պայքարի ձևի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն, ով հարցազրույց է տվել թուրքական NTV և Star TV հեռուստաալիքներին:
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայից ակնկալում է Իսլամական պետության դեմ պայքարի ակտիվացում: «Իսլամական պետությանը հակազդելու հարցը քննարկվել է հարգարժան Քերիի՝ Անկարա այցելության ժամանակ: Վերջին շրջանում համաշխարհային մամուլից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, կարծես, քննություններ է հանձնում և ինչ-որ բան պետք է ապացուցի: Մենք պարտավոր չենք ոչինչ ապացուցել: Թուրքիան այն երկիրը չէ, որից կարելի է պահանջել», — ասել է Դավութօղլուն` «պատանդներին ազատ արձակելուց հետո ինչպե՞ս եք վարվելու հարցին» պատասխանելով` «մենք ինքներս որոշում կկայացնենք»: