Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը Պեկինում անցկացվող «Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության խորհրդաժողովի» (CICA) անդամ երկրների հանդիպման շրջանակում խոսել է Արցախյան հակամարտության մասին, հայտնում է Ռիա Նովոստին:
«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ համատեքստում Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը խստորեն պահանջի միջազգային իրավունքի պահպանում»,- ասել է Խալաֆովը:
Նա հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: «Ադրբեջանը հուսով է, որ CICA-ի անդամ երկրները կաջակցեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Նշենք, որ Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության խորհրդաժողովը սկսել է գործել 1999թ.-ից Ղազախստանի նախաձեռնությամբ: Կազմակերպությանն անդամակցում է 26 պետություն, որոնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Իրանը: