ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը համամիտ չէ այն քննադատությունների հետ, թե այս օրերին ԱԳ նախարա Էդվարդ Նալբանդյանը լռության է մատնված: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Քոչարյանը: Նա խորհուրդ է տալիս լրագրողներին Նալբանդյանի տեղաշարժի, արածի, կամ չարածի մասին կարդալ իր խոսքով «սայթում»: Լրագրողներից մեկի հարցին, թե քննադատություններ են հնչել, թե ինչու վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Մոսկվա, նկատի ունենալով, այն որ ԵՏՄ վարչապետերի նիստը Ղազախստանի պահանջով Երեւանում տեղի չունեցավ: Քոչարյանն արձագանքելով նշեց, թե երկու մոտեցում կա: «Մեկը դա այն է, որ այն քայլերը, որոնք մենք գնահատում ենք մեր շահերին դեմ, մենք պատասխանում ենք, մյուսը հաշվի առնելով, որ բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, մենք էլ մերն ենք անում», — ասաց Քոչարյանը: Ըստ նրա Հայաստանի թշնամին ՝ Ադրբեջանը փորձում էր անել այնպես, որ Հայաստանը որդեգրեր նեղացկոտ կարգավիճակ, իսկ իրենք այդպես չեն ուզում:
Շավարշ Քոչարյանը նշեց, թե արձանագրում է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է իրադարձություններին, սակայն դրան գնահատական չի տալիս, արձանագրում է եղածը: Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանում դժգոհություններ կան, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ձեզ՝ լրագրողներիդ, ասել եմ մինչև այս դեպքերը, որ մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, մյուս կողմից` պետք է կարևորենք հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների հետ: Ու ավելի սպասելիքներ սերմանելը միայն վտանգավոր է»:
Իսկ հարցին, թե ինչու զենքի վաճառքի հարցով բողոքի նոտա չեն հղում Ռուսաստանին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այդ տիպի հարցերը նոտայով չեն որոշվում, ավելին՝ նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ունի, քան նոտան:
Անդրադառնալով բանակցություններում Արցախի մասնակցության հարցին` Շավարշ Քոչարյանը նշեց, որ որքան շուտ բանակցություններին մասնակցի Արցախը, այնքան բանակցային գործընթացն արդյունավետ կլինի:
Խոսելով Կազանի փաստթղթի մասին՝ նա նշեց. «Կազանն, ըստ էության, նույն Մադրիդն է՝ որոշակի փոփոխություններով: Քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ, ես կարող եմ ասել, որ այնտեղ կան ավելի շատ դրական փոփոխություներ, եթե համեմատենք Մադրիդի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: