Բոլոր խնդիրների լուծման կարևորագույն իմաստը տնտեսության զարգացման բանալին գտնելն է, առաջին հերթին ներդրումային հնարավորություն ստեղծելը: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով որոշ խնդիրներ առանձնացրեց։
«Այս պահին վարչապետը ազատականացման, մրցակցային հնարավորության պայմաններում հայտարարել է, որ պետության դերը պայման ապահովելն է, քան միջամտելը, բայց այս մոտեցումը դեռ պետք է քննություն անցնի՝ արդյո՞ք բավարար է, որ տնտեսությունը զարգանա»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ պետք է գոնե վեց մարզերում ներդրվի գյուղատնտեսության ապահովագրական գործընթացը, որը կթուլացներ ռիսկերը։
Անդրադառնալով ներդրումների խնդրին՝ Բագրատյանը շեշտեց, որ պետությունը պետք է ծրագրեր առաջարկի։
«Պետք է ստեղծվի ներդրումների հարթակ, որտեղ առաջարկներ կներկայացվեն աշխարհին։ Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց ի՞նչ եք կարծում, դա բավարա՞ր է: Ներդրողը պետք է իմանա, որ այսքան գումար դնում է այս ոլորտում և այն հետ կստանա այսքան ժամանակից: Որոշակիություն է պետք»,-ասաց նա։