Դորտմունդի «Բորուսիա»-ի 42-ամյա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում ապրիլի 20-ին կայանալիք «Հերտա»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, թե իր թիմը դեռևս տարօրինակ զգացումներ ունի Անգլիայում «Լիվերպուլ»-ի դեմ խաղից հետո:
Գերմանացի մասնագետը չի բացառել «Բորուսիա»-ի մի շարք առաջատարների՝ խաղադաշտում առաջին իսկ րոպեներից չխաղալը:
«Կեղծավոր կլինի պնդումը, թե մենք լիովին վերականգնվել ենք Լիվերպուլում կայացած խաղից հետո: Մենք դեռ վերականգնվելու ճանապարհին ենք, չնայած հասկանում ենք, որ այդ խաղից հետո չպետք է մտածենք, թե աշխարհի վերջն է: Լավագույն մոռացությունը կլինի նոր հաղթանակը, այնպես որ մենք ամեն ինչ անելու ենք «Հերտա»-ի արգելքը հաղթահարելու համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը՝ պնդելով, որ ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմը չնայած բավականին առաջադիմել է, այնուամենայնիվ ունի խնդիրներ, որոնք պե տք է լուծվեն:
Տուխելը խոսել է իր թիմի հարձակման առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգի՝ երկուշաբթի կեսօրին ստացած վնասվածքի մասին ևս. «Ֆուտբոլիստի ոտքի մատն էր ցավում: Արդեն շաբաթներ է, ինչ այն խնդիրներ է առաջացնում Օբամեյանգին, սակայն չեմ կարծում՝ «Հերտա»-ի դեմ խաղում ֆուտբոլիստը կանհանգստանա, բացի այդ մենք համապատասխան փոխարինողներ ունենք, ովքեր կարող են հենց «Հերտա»-ի դեմ խաղում փոխարինել առաջատարներին»:
Իհարկե, այսօր դժվար է «Բորուսիա»-ն պատկերացնել առանց Օբամեյանգի, Մարկո Ռոյսի, Հենրիխ Մխիթարյանի և Իլկայ Գյունդողանի, սակայն «Հերտա»-ի դեմ խաղում միմիայն այդ ֆուտբոլիստները չէ, որ վճռորոշ դերակատարում կունենան: Մեծ նշանակություն կունենա «Բորուսիա»-ի պաշտպանների խաղն ընդդեմ «Հերտա»-ի հարձակման առաջատար Սալամոն Կալուի:
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի «Հերտա»-«Բորուսիա» հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով 22:30-ին: Ի դեպ, այդ խաղում Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկելու դեպքում կդառնա Գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այս պահին իր հաշվին Գավաթի խաղարկությունում գրանցել է 4 գոլ և առաջին հորիզոնականը կիսում է միանգամից 4 ֆուտբոլիստների հետ: