տուն Լուրեր Մենք չպիտի մտածենք՝ վա՜յ, փող չունենք. մենք փող ունենք

Մենք չպիտի մտածենք՝ վա՜յ, փող չունենք. մենք փող ունենք

102
0

Կառավարության նիստի ժամանակ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ իր հետ քննարկումից հետո ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ցանկանում է զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել:

Թանդիլյանը նշեց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է. «Այդ փորձաքննություններն  այլեւս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին եւ դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն՝ դիմեն նախարարություն:

Նաեւ համաներման առումով արդեն որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել: Ես հանձնարարական եմ տվել, որ իրավապահներին ուղղվեն այդ գործերը, թե ինչու է այդպես տեղի ունեցել։ Այն հաշմանդամներին, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն հաշմանդամության կարգը»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտահոգվեց, որ այդ համաներման հետ կապված ֆինանսական նոր խնդիր է առաջանալու, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց. «ՊԵԿ-ի առջեւ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա: Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, եւ մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն, այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վա՜յ, փող չունենք, եկեք ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ը, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը։ Եթե չանեն՝ մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»: