Հովիկ Աբրահամյանի տղայի՝ Արտաշատի քաղաքապետ ընտրվելու հնարավոր խախտումների, չգրված օրենքների, ընտրությունների ժամանակ ընդդիմության կիսատ աշխատանքի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա հայտնեց, որ Արգամ Աբրահամյանը որևէ փորձ չուներ Արտաշատի քաղաքապետ ընտրվելու համար: Արգամ Աբրահամյանի միակ կապը քաղաքականության հետ իր հայրն է՝ Հովիկ Աբրահամյանը: Մարդ, որը չի ցուցաբերել իր ունակությունները, գիտելիքները քաղաքական ասպարեզում՝ իրավունք չունի ընտրվել քաղաքապետ,- շեշտեց առաջին օմբուդսմենը:
«Մենք չպետք է դարձնենք Արտաշատ քաղաքը փորձադաշտ՝ տեսնելու համար, թե Հովիկ Աբրահամյանի տղան կարո՞ղ է իրականացնել քաղաքապետի իր պաշտոնը, թե ոչ: Մենք չենք արգելում իրեն այդ ոլորտում աշխատելու, դրսևորվելու: Սակայն, իր արժանիքներից կարևորագույնը՝ քաղաքական ոլորտում փորձ ունենալն է, որը բացառվում է Արգամ Աբրահամյանի պարագայում»,- մասնավորապես ասաց Լարիսա Ալավերդյանը:
Քաղաքական դաշտում քաղաքական դեմքը պետք է երևա հասարակությունը որևէ չափով,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ ընտրություններից առաջ գոնե ակտիվություն պետք է ունենա ընտրվողը: «Ընտրությունը միայն այդ բյուլետենը գցելը չէ: Ընտրությունների ժամանակ պետք է իշխանությունները նախատրամադրեն հասարակությանը ընտրվողին կողմ: Իսկ դա չի արվում մեր պետությունում»:
«Քաղաքականությունն իր առանձնահատկությունն ունի: Պաշտոնյաների որդիները կարող են պաշտոնյաներ լինել, սակայն, նրանք պետք է որոշակի փորձ ունենան: Ցանկացած ընտրովի քաղաքական պաշտոն պետք էլ լինի այնպիսին, որ արժանիքների համար ընտրվի, այլ ոչ ինչ-որ պաշտոնյայի որդին լինելու հանգամանքով: Ախր, ինչպես կարելի է ընտրել մի կառավարչի, որի ունակությունները մենք չգիտենք»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:
Արևիկ Նահապետյան