Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և նշել, թե իբր Ադրբեջանը հանդուրժողականություն է դրսևորում և կառուցողական է:
«Հիմա մենք փորձում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Երբ երկիրը անդամակցեց ՄԱԿ-ին, Լեռնային Ղարաբաղը ներառվել էր Ադրբեջանի հետ միասին: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, մեր հողերը պետք է ազատագրվեն, իսկ փախստականները վերադառնան իրենց տները»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ինչպես միշտ մեղադրել է Հայաստանին՝ «ադրբեջանական մշակույթի հուշարձանները ոչնչացնելու» մեջ: Նա ընդգծել է, թե իբր Բաքվում իրենք վերականգնել են հայկական եկեղեցին: Ալիևի խոսքով` Ադրբեջանը դարերով եղել է մի երկիր, որտեղ կրոններն ու մշակույթներն իբր խաղաղ զարգացել են կողք-կողքի:
Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես բոյկոտել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումը Բաքվում` անընդունելի համարելով դրա անցկացումը մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը: Ֆորումին մասնակցությունից հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, միջոցառմանը բարձր մակարդակով չեն մասնակցում շատ երկրներ: