Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է սպառողի շաբաթ: Մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ hեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ ՍԱՏՄ մասնագետները կխոսեն նախաձեռնության կարևորության, սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, կպատասխանեն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող հարցերի:
Մարտի 4-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում կանցկացվի «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկում՝ մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ: Կներկայացվեն սպառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ սննդամթերքի մակնշման, պահման պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը, HACCP համակարգի անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, ներառյալ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը:
Մարտի 5-ին կանցկացվի հետաքրքիր բաց դաս Հայ-չինական բարեկամության դպրոցում՝ ՍԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ: Մասնագետները երեխաներին կներկայացնեն, թե ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը, ի՞նչ պետք է անի մարդը՝ իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպե՞ս կարող է և պետք է սպառողն առնչվի վերահսկող մարմնի հետ, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել սննդամթերք ընտրելիս և այլ թեմաներով:
Մարտի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում տեղի կունենա «Հանրային վերահսկողության դերն ու նշանակությունը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով խորհրդաժողով, որին ներկա կլինեն ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ, սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողներ, իսկ մարտի 7-ինՀայաստանի ագրարային համալսարանում կանցկացվի «Կրթության և գիտական հաստատությունների դերը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով սիմպոզիում: Հրավիրվել են ոլորտի գիտնականներ, համալսարանների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Մարտի 11-ին և 12-ին Հայաստանի բոլոր մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասաժամեր, կտրամադրվեն իրենց համար արգելված սննդամթերքի վերաբերյալ պատկերավոր տեղեկատվական թերթիկներ, իսկ ՍԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագետները երեխաներին կներկայացնեն առողջ սննդի առավելությունները, երկրորդային աղտոտման վտանգներն ու անձնական հիգիենայի կանոնները:
Մարտի 15-ին տեղի կունենա Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ամփոփիչ համաժողով՝ ՀՀ կառավարության, ԱԺ պատգամավորների, օտարերկրյա դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՀԿ-ների, գործատուների միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն՝ գրագետ և պահանջատեր սպառող, սպառողների շահերը լավագույնս ներկայացրած ՀԿ և սննդամթերքի ոլորտում սպառողների շահերը և ՍԱՏՄ գործունեությունը լավագույնս ներկայացրած լրագրող անվանակարգերում:
Կցուցադրվի նաև սննդամթերքի անվտանգությանը և սպառողների իրավունքներին նվիրված շաբաթվա միջոցառումներն ամփոփող տեսահոլովակ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն