Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Կարմիր գորգով անցան մի շարք կինոգործիչներ, դերասաններ, հյուրեր:
Պատվավոր հյուրերի թվում է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին: Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, որի ընթացքում կներկայացվեն համաշխարհային հնչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:
Կինոփառատոնը մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորող ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարով, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության թեման: Ֆիլմն ընդգրկվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում:
Ռոբեր Գեդիկյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:
Փառատոնի կփակվի Համո Բեկնազարյանի «Նամուսն» ֆիլմով:
Ամբողջությամբ կարդացեք այստեղ: