ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում:
Մայիսի 23-ին պատվիրակությունը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է հայ համայնքի հետ շփումը, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր այցելության ծրագիր կազմելիս մշտապես նախատեսվում են հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահը սիրով լսում է նրանց խնդիրներն ու մտահոգությունները եւ անհրաժեշտության դեպքում դրանք բարձրաձայնում տվյալ պետության իշխանությունների մոտ:
Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կատարվող օրենսդրական բարեփոխումները՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ընթանում են օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ:
Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է կանադահայերին հետաքրքրող հարցերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում այժմ ստեղծվում է «Ընդդեմ ցեղասպանությունների» խորհրդարանական հանձնախումբ, որն էլ աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին դիմելու է համանման հանձնախմբեր ստեղծելու առաջարկով:
ԱԺ նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի մեր երկրի, մեր ազգի արդարացի պահանջի լուծմանը. ըստ նրա՝ հենց այս ճանապարհով է հնարավոր հասնել հաջողության:
Գալուստ Սահակյանը հանդիպել է նաեւ Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է հանդիպել Երեւանի քույր քաղաք Մոնրեալի քաղաքապետի հետ եւ քաջատեղյակ է Երեւանի ու Մոնրեալի քաղաքապետերի արդյունավետ համագործակցությունից:
Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ տպավորված է Մոնրեալում տեղի ունեցած բազմահազարանոց երթից, որի մասնակիցները դուրս էին եկել փողոց՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:
Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է Երեւանի ու Մոնրեալի բարեկամական փոխհարաբերությունները եւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:
Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը եւ Մոնրեալի քաղաքապետը շրջել են քաղաքապետարանի բակում, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում պատրաստվել է անմոռուկ՝ համապատասխան գրառմամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին: Այնուհետեւ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդարան եւ մասնակցել Սուրբ պատարագի: