Այսօր Արարատում տեղի է ունենում խորհրդարանական եռյակի կազմակերպած հերթական հանրահավաքը՝ այս անգամ Արարատում: Հիշեցնենք, որ եռյակը նմանատիպ մի շարք հանրահավաքներ է ունեցել մարզերում, իսկ հոկտեմբերի 10-ին եզրափակիչ հանրահավաքը կլինի Երևանում՝ Ազատության հրապարակում:
Հանրահավաքի բացումը կատարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը.
«Ես ուզում եմ, որ այսօրվա հանրահավաքը դառնա զրույց: Ասեք ինչի՞ կարիք ունեք դուք, ասեք, ի՞նչ հարցեր ունեք դուք: Ես խնդրում եմ արտահայտեք ձեր պահանջն ու զայրույթը»,- եզրափակեց պատգամավորը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ևս ելույթ ունեցավ հանրահավաքում:
«Մենք ԲՀԿ-ի հետ փորձում ենք շահութահարկի օրենքի հարցը լուծել: Սեպտեմբերի 30-ին հանդիպում ենք կառավարության հետ, որոշում ենք կոմպրոմիսային համաձայնագիր ստորագրել, բերում են թուղթը, ամսաթիվը՝ սեպտեմբերի 22- ով: Հաջորդը, Հովիկ Աբրահամյանը ամսի 25-ին հրամայում է Գագիկ Խաչատրյանին անհիմն ստուգումներ իրականացնելուց խուսափել: Իսկ իրականում մեծ ու փոքր բիզնեսն իրար դեմ են կանգնացրել: Գագիկ Խաչատրյանին, Գալուստ Սահակյանին հարցրի՝ եթե մի ամսում 500 բիզնես փակվեց, հրաժարական կտա՞ք, ասեցին չէ, ինչի պիտի հրաժարական տանք: Այսինքն իրենք էլ գիտեն, որ փոքր բիզնեսը փակվելու է: Ուստը ինչքան էլ խմի, ծարավ կմնա: Հիմա սրանցն է: Տակ չունեն, սահման չունեն, կլպելու են մինչև վերջ: Գազ, հոսանք, ջուր, ապրանք, ուսման վարձ, կարմիր գիծ, թոշակային հիմնադրամ, արագաչափեր, էս վերջին օրենքը, էս ամենը թանկացել է Սերժ Սարգսյանի օրոք»,- եզրափակեց Մանուկյանը: