Հոկտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողով-բիզնես ֆորումը, որի շրջանակում տեղի ունեցած “Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում” նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր ներածական խոսքում, մասնավորապես, նշել է. “Վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտում իրականացված կրթական և նորարական ծրագրերը ինչ-որ մի փուլում ավարտվել են. այսօր ակնհայտ է, որ մասնավոր հատվածի` հատկապես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը նոր հորիզոնների և ծրագրերի բացման խնդիր ունի: Իհարկե, կարող ենք բազմաթիվ հաջողված նախագծեր նշել, որոնք դարձել են Հայաստանի կրթական միջավայրի մասը` ANEL լաբորատորիաներ, Հայ-հնդկական կենտրոնի գործարկում, Վիրտուալ քոլեջ, Սինոփսիսի գործունեությունը բուհական համակարգում և այլ հաջողության պատմություններ, սակայն ակնհայտ է, որ ներկայումս առկա է նոր նախաձեռնությունների խնդիր: Պետության ակնկալիքը մասնավոր հատվածից, հատկապես ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտում, խիստ գործնական է. այն միայն ֆինանսական ներդրումներով չէ պայմանավորված, այլ աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների ձևավորման համատեքստում ուսումնական ծրագրերի վերանայմամբ և գիտելիքների պահանջարկով”,-նշել է նախարարը` համաժողովի մասնակիցներին ներկայացնելով վերջերս հրապարակված Գլոբալ մրցունակության ինդեքսում կրթության ցուցիչները: “Ուրախությամբ պետք է շեշտել, որ բոլոր ցուցիչներով կա առաջնթաց: Մասնավորապես, զգալի առաջընթաց է առկա մաթեմատիկայի և գիտության դասավանդման բնագավառում, բարձրագույն կրթության և հանրակրթության ոլորտում որակի գնահատման ուղղությամբ, բայց երբ նայում ենք այդ աճի տասնյակները, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մեր ազգային հպարտությանը չբավարարող և գոհացնող թվեր են դրանք”,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև, որ ներկայումս մշակվում է Կրթության զարգացման պետական նոր ծրագիր 2016-2025 թվականների համար` հորդորելով ծրագրի հանրային քննարկման ժամանակ ակտիվ լինել և ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Իր ելույթում նախարարն անդրադարձել է նաև ոչ ֆորմալ կրթության, բուհական և միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրներին:
Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձել են այն էական ներդրումներին, որոնք ուղղված են Հայաստանում հիմնարար փոփոխության մղելու տեխնոլոգիական կրթությունը, հետազոտությունը և մասնագիտական զարգացումը: Բանախոսները նկարագրել են, թե ինչպես են այդ ներդրումները որակական և քանակական առումով արդեն պտուղ տալիս տեխնոլոգիական ոլորտում որակավորված մասնագետների հարցում:
Նշենք, որ համաժողովը նպատակ ունի էլ ավելի ընդլայնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանումը և ներգրավել նոր մասնակիցների ու գլոբալ տեխնոլոգիական հանրության ճանաչված ներկայացուցիչների: