Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն արդեն հրապարակել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզչության համար հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Ավագանու ընտրությունների քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գները չեն տարբերվում խորհրդարանական ընտրությունների քարոզչության համար տրամադրվող եթերաժամի գներից:
Այսպես, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաև «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերությունը մեկ րոպեի համար սահմանել են 60 հազար դրամ, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ 18 հազար դրամ, «Երկիր մեդիան»՝ 25 հազար դրամ, «Արարատ» հեռուստաընկերությունը՝ 10 հազար դրամ, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ 20 հազար դրամ, «Ա-Թիվի» հեռուստաընկերությունը՝ 40 հազար դրամ, «Ար» հեռուստաընկերությունը՝ 20 հազար դրամ, «Հ3» հեռուստաընկերությունը՝ 50 հազար դրամ, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը՝ 2000 դրամ, «Ռադիո Մարշալ» ռադիոծրագիրը՝ 2500 դրամ, «Հայ FM» ռադիոկայանը՝ 1800 դրամ, «Ռադիո հայ» ռադիոկայանը` 1800 դրամ (ներառյալ հարկերը):
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև համացանցն այսօր լայն տարածում ունի հասարակության շրջանում, այնուամենայնիվ, բնակչության մեծ մասի համար տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը, և դրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում վճարովի եթերաժամին, իսկ հեռուստաընկերություններն էլ ավելի ցածր գներ չեն առաջարկում. «Գները նույնն են մնացել, ինչ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Դա նշանակում է, որ անցած ընտրությունների ընթացքում հեռուստաընկերություններն իրենց գոհացնող ծավալի գովազդի պատվերներ են ստացել և գինն իջեցնելու անհրաժեշտություն չեն գտել»:
Մելիքյանի խոսքով՝ չնայած ընտրարշավի ժամանակ գովազդը առաջնային չէ, և ընտրությունների արդյունքների վրա հիմնականում ազդում են իշխանության կողմից վարչական ռեսուրսների անօրինական կիրառումը և ընտրակաշառքները, այնուամենայնիվ, քաղաքական գովազդը ընտրարշավին քաղաքակիրթ տեսք տալու դերակատարում ունի:
Նա նաև ընդգծեց, որ այս անգամ ևս վճարովի եթերաժամից ավելի շատ կօգտվեն առավել հարուստ քաղաքական ուժերը, օրինակ՝ իշխող Հանրապետական կուսակցությունը. «Մյուս քաղաքական ուժերը, որոնք այդքան էլ հարուստ չեն և իրենց շարքերում այդքան շատ գործարարներ չունեն, կարծում եմ՝ քիչ կօգտվեն կամ առհասարակ ձեռնպահ կմնան վճարովի եթերաժամից»:
Նշենք, որ հեռուստաընկերությունները վճարովի եթերաժամի գինը որոշում են՝ հիմք ընդունելով վերջին վեց ամսվա առևտրային գովազդի գները: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթերաժամի գինը պետք է լինի առևտրային գովազդի միջին գինը և ոչ ավելին. «Օրենքը պահանջում է, որ վերջին վեց ամսվա առևտրային գովազդի միջին գինը պետք է հաշվեն, և եթե հստակ տարբերություն է տալիս, ու մենք կասկած ենք ունենում, որ միջին գնից ավելի բարձր է, ապա դիմում ենք հեռուստաընկերությանը»:
Մարգարյանը նաև հավելեց, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ կորոշի չօգտվել իրեն հատկացված եթերաժամից, ապա մեկ այլ քաղաքական ուժ չի կարող օգտվել դրանից:
Էմմա Հովսեփյան