ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցով.
«Որպես նախաբան հայտնեմ, որ այս տարվա զեկույցն ավելի ծավալուն է ստացվել, քան նախորդ տարիներինը. հաշվի են առնվել շատերի կողմից արված բազմաթիվ դիտողություններ: Զեկույցը կարևոր է ոչ միայն իր էջերի քանակով, նրանով, որ այնտեղ կան շուրջ 200 համակարգային խնդիրներ` մեր կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող, այլ արժեքավոր է այն իմաստով, որ մեր աշխատակազմը, ես փորձել ենք հասարակության բոլոր շերտերին, քաղաքական ուժերին հուզող խնդիրները բաց չթողնել»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Ինչպես նշեց Անդրեասյանը, քաղաքացիներին հուզում է այն, թե ինչ իմաստ ունի խոսել խնդիրներ մասին, եթե պետական առանձին կառույցները դրան հակադարձում են, չեն կատարում իրենց խորհուրդները.
«Ես, քաղաքացիների հետ զրույցում, ոչ մեկի չեմ մեղադրում, բայց հիմա ասում եմ` մեր զեկույցն արժեք կամ ուժ ունի, եթե խորհրդարանը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ զեկույցը կարդալուց, դրան ծանոթանալուց հետո: Պետք չէ, որ լինի քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության աջակցությունը. մեկ պատգամավորի սրտացավ աջակցությունն էլ բավական է` այդ խնդրի վերաբերյալ դրական փոփոխությունների համար»,-նշեց Կարեն Անդրեասյանը:
Կարեն Անդրեասյանն առանձնացրեց և ներկայացրեց մի քանի խնդիրներ.
«Խնդիրներից մեկը ոստիկանության առանձին բաժիններում կիրառվող բռնությունն է, իհարկե, դրանց թիվը նվազել է, բայց դեռ կան բաժիներ, որտեղ կիրռվում է, եղել են բազմաթիվ բողոքներ` կապված հարցի հետ: Առաջարկել ենք տեղադրել տեսագրող, ձայնագրող սարքավորումներ ոստիկանության համապատասխան բաժիներում, բայց դա լիարժեք կերպով չի իրականացվել, խնդիրներից մեկը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, որոնք շրջում են հանրահավաքների ժամանակ: Հաջորդ մարմինը, ուր կան չլուծվող խնդիրներ առողջապահական համակարգում է: Բժշկական սխալների մասին ձևակերպում չկա: Կան խնդիրներ տրանսպորտի համակարգում, մասնավորապես` քաղաքայինի: Հաջորդ խնդիրը ուսանողական խորհուրդների մասինն է, պետք է ապաքաղաքականացնել ուսանողական խորհուրդները»,— նշեց Կարեն Անդրեասյանն ու փաստեց` խնդիրներն այդքան էլ բարդ լուծելի չեն, անհրաժեշտ է քաղաքական կամք: