տուն Լուրեր Մատչելի՞ էր այս տարի Հայաստանում հանգստանալը. ամփոփում են գործակալությունները

Մատչելի՞ էր այս տարի Հայաստանում հանգստանալը. ամփոփում են գործակալությունները

120
0

holiday

Ո՞ւր գնալ հանգստանալու: Այս հարցը սովորաբար ծագում է ամռանը, երբ մարդիկ սկսում են պլանավորել իրենց հանգիստը:  Հիմա, երբ ամառն արդեն անցյալում է, եւ սեպտեմբերի 27-ի՝ Զբոսաշրջության համաշխարհային օրվա  կապակցությամբ Araratnews.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե որտեղ են այս տարի նախընտրել հանգստանալ մեր  քաղաքացիները: Տուրիստական գործակալություններից հետաքրքրվեցինք նաև, թե եվրոպական որ երկրներից է ավելացել այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների հոսքը:

Մեզ հետ զրույցում «Գոլդ Թրեվլ» տուրիստական գործակալության աշխատակիցը նշեց, որ այս տարի մեր քաղաքացիներն եվրոպական երկրների ցանկից  առավելապես մեկնել են  հանգստի Հունաստան, Իսպանիա և Պրահա, իսկ Եվրոպայից դուրս պահանջված երկրներ են եղել Եգիպտոսը, Դուբայը և Անթալիան: Այս տարի Եվրոպայում հանգստանալ ցանկացող զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

«Ջոյ Տուր» տուրիստական գործակալության աշխատակցից էլ տեղեկացանք, որ այս տարի նրանց դիմած քաղաքացիներն առավելապես նախընտրել են հանգստանալ Հնդկաստանում, Եգիպտոսում, Իտալիայում և Մոնտենեգրոյում, քանի որ այս տարի Մոնտենեգրո այցելելու համար վիզան պարտադիր պայման չի եղել:

Թեև այս տարի Հայաստանից Թուրքիա ուղևորություն չի կազմակերպվել, բայց մի շարք քաղաքացիներ իրենց հանգիստը կազմակերպել են այդ երկրում:

«Չնայած, որ այս տարի Հայաստանից դեպի Թուրքիա ուղևորություն չկար, բայց քաղաքացիների շրջանում շատ են եղել մարդիկ, ովքեր Թուրքիայում են հանգստացել: Նրանք Թբիլիսիով են հասել Թուրքիա, որովհետև այս ճանապարհով Թուրքիա հասնելն ավելի մատչելի էր: Բացի այդ էլ Թուրքիան՝ համեմատած եվրոպական մյուս երկրների, ավելի մատչելի երկիր է»,-նշեց աշխատակիցը:

Ինչ վերաբերում է Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին, ապա տուրիստական գործակալությունները գրանցել են նաև զբոսաշրջիկների թվի աճ:  Հայաստան այս տարի առավելապես հանգստանալու են եկել զբոսաշրջիկներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից և Ֆրանսիայից:

Ինչ վերաբերում է Հայաստանի հյուրանոցների հարմարավետությանն ու գներին, ապա գործակալություններից տեղեկացանք, որ թեև դրանք թանկ են, բայց զբոսաշրջիկների համար հնարավոր է լինում հարմար տարբերակներ գտնել:  «Ջոյ Տուր» տուրիստական գործակալության աշխատակին էլ ընդգծեց.

«Հյուրանոցների գները թանկ են, բայց դրան զուգահեռ դրանք նաև քիչ են: Ամառը դրանք շատ լիքն են և այստեղ հանգստանալու համար օտարերկրացի զբոսաշրջիկները պետք է մի քանի ամիս առաջ պատվիրեն համարները: Խնդիրն այն է, որ զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են քաղաքի  4 կամ 3 աստղանի հյուրանոցներում կանգ առնել, որոնցում տեղերը շուտ են սպառվում»: