տուն Լուրեր Մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ հանրակրթության ոլորտի վրա

Մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ հանրակրթության ոլորտի վրա

131
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն  այսօր  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Ասիական զարգացման  բանկի  հետ  առկա    համագործակցությունը՝ մատնանշելով նոր ծրագրերի մտադրության մասին: «Միջազգային կառույցների հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է և այդ առումով, ակնկալում եմ, որ կրթության ոլորտում  Ասիական  զարգացման բանկի  հետ մեր համագործակցությունն ավելի կակտիվանա:

Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաճախ այդ համագործակցություններիշրջանակում հատկացվող դրամաշնորհները, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների կողմից մասնավոր կառույցներին, դպրոցներին կամ այլ ծրագրերին՝ լուրջ ազդեցություն չեն թողնում կրթության, մասնավորապես՝ հանրակրթության վրա: Այս առումով նպատակահարմար է, որ համագործակցությունը և ստեղծված արդյունքները  լինեն ավելի շատ ինստիտուցիոնալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շեյն Ռոզենտալին   նշել է,  որ Ասիական զարգացման բանկն իրականացնում էտարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության համակարգը: Հանդիպման ընթացքումՌոզենտալը ներկայացրել է բանկի կողմից Հայաստանի դպրոցների հիմնանորոգման ծրագրի առաջնահերթությունները, դպրոցների ընտրության կարգն ու ներկա իրավիճակը: Պարոն Ռոզենտալը տեղեկացրել է, որ բանկի խորհրդատուները ուսումնասիրություններ են իրականացրել  Հայաստանում  ուսուցիչների  վերապատրաստման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարել նաև Հայաստանում հանրակրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ մասնավորապես կարևորելով դպրոցների կառավարման խորհուրդների և մասնավոր դպրոցների ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել Շեյն Ռոզենտալին՝ մեր երկրի կրթության ոլորտի մարտահրավերներին ամբողջությամբ տիրապետելու համար՝ մատնանշված հիմնախնդիրներից ընդգծելով Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացն արմատապես վերափոխելու անհրաժեշտությունը: «Առավել ուրախ էի լսել այս ամենը, քանի որ Դուք ամբողջությամբ պատկերացնում եք մեր կրթության ոլորտը:  Կրթության ազգային ինստիտուտի հետ կապված (ԿԱԻ) բազմաթիվ խնդիրներ ունենք, և կարծում ենք, որ այստեղ է հանրակրթության ոլորտի շրջադարձային բարեփոխման բանալին: Մենք ԿԱԻ բարեփոխումների հետ կապված շատ լուրջ լուծումներ և ծրագրեր ունենք, ընդ որում արդեն ունենք թիմ, որը  կոնկրետ զբաղվում է այս խնդրով: ԿԱԻ-ին շատ ծանր և դժվար առաջ գնացող մարմին է, մինչդեռ  կրթությունն աշխարհում շատ արագ է փոխվում՝ հատկապես հանրակրթությունը և մենք չենք հասցնում արագ արձագանքել այդ փոփոխություններին»,-շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Դպրոցների կառավարման խորհուրդների բարեփոխման  վերաբերյալ՝ ԿԳ նախարարը նշել է դրանց ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ նախկինում կրթության համակարգը և դպրոցների տնօրեններից շատերը ծառայում էին իշխանությունների վերարտադրողականության ապահովմանը, որը շատ բացասական էր ազդում կրթության որակի վրա:

Ինչ վերաբերվում է մասնավոր դպրոցներին, Արայիկ Հարությունյանի նշել է, որ թեպետ այնտեղ բավականին դրական փորձ է կուտակվել, սակայն մասնավոր դպրոցների զարգացումը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր հանրակրթության ոլորտի վրա, քանի որ հանրակրթության մեջ մեծ ներդրումը՝ առաջին հերթին պետք է կատարի պետությունը: Անդրադառնալով պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ ԿԳ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է նախ բարձրացնել եղած միջոցների ծախսերի  արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: