Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» և այլ անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մասնագիտական մի շարք կազմակերպություններ: Միջոցառման մասնակիցներից ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Սիմոնյանը մրցանակը ստանալիս ընդգծեց, որ չափազանց զգացված է և ուրախ, որ իրենց աշխատանքը գնահատվում է հենց Հայաստանում:
Լավագույն դերակատարման համար «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի «Սոս Սարգսյան» մրցանակին արժանացավ Դարյա Շումակովայի «Ես տուն կվերադառնամ» կինոնկարի գլխավոր դերակատար Ֆրունզե Ամիրխանյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհեց «Դեկտեմբեր» ժապավենին, որի ռեժիսորը Արման Հարությունյանն է:
Միության ներկայացուցիչ Միքայել Դովլաթյանի խոսքով՝ ժյուրիի անդամները դիտել են Իրանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից վավերագրական, խաղարկային ավելի քան 25 կարճամետրաժ կինոնկար: Ընտրությունը բավականին բարդ է եղել:
Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակը ստացավ իրանական «Փայտփորը» ֆիլմը: Ռեժիսոր Բեհրուզ Շոյաբիի կինոնկարը հետաքրքիր պատմություն է իրանական ընտանիքի մասին: Կինոգետ Արծվի Բախչինյանը, որը հանձնեց մրցանակը, նշեց, որ մրցանակը սահմանել են տարածաշրջանային ֆիլմերի համար: «Փառատոնում մշտապես ներկայացվում են իրանական ֆիլմեր, ու մենք տեսնում ենք, որ իրանական կինոն բարձունքում է և շարունակում է զարգանալ»,-շեշտեց կինոգետը:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի սահմանած մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց վրացական «Հորիզոն» ֆիլմին: Մրցանակը հանձնելիս Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը երիտասարդներին հորդորեց կարդալ որակյալ գրքեր՝ որակյալ ֆիլմեր նկարահանելու համար:
IFCA Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «IFCA» մրցանակը շնորհեց Գիորգի Տավարթկիլաձեի «Վատ մարդիկ» վրացական և Արթուր Սուքիասյանի հայկական «Վերք» կարճամետրաժ կինոնկարներին: «Վերք»-ի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար ու նշեց, որ ֆիլմը սիրո խոստովանություն է Գյումրուն՝ իր քաղաքին, որը շատ գեղեցիկ է:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատանի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում: