— Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորեակներից ու թարախային բշտիկներից:
— Սովորաբար այսօրինակ հիվանդությունները կարող են ունենալ տարբեր կլինիկական արտահայտվածություններ` սկսած ամենաթեթևից մինչև ամենածանրը: Բշտիկները, անսպասելի ցանը, թարախային պարկերը, սև կետերը կարող են ոչ միայն կոսմետիկ անհանգստություն ու հուզական լարվածություն պատճառել մարդուն, այլև ընդհանուր առողջական վիճակի և սոցիալական պահվածքի վատթարացման պատճառ կարող են դառնալ: Հիվանդության ախտածնության մեջ որոշիչ դեր ունի ճարպագեղձերի գործունեությունը, ինչը պայմանավորված է օրգանիզմում արական հորմոնների քանակի ավելացումամբ: Առաջացման գործոն կարող է հանդիսանալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ներքին սեկրեցիայի գեղձերի ոչ բնականոն աշխատանքը, ձվարանների պոլիկիստոզը, մարսողական համակարգի ախտաբանական վիճակը` դիսբակտերիոզը, սննդակարգի խանգարումները, գրգռիչ սննդանյութերի չափից ավելի օգտագործումը և այլն: Բնակչության 80%-ը կարող է բախվել այս խնդիրների հետ, հատկապես 12-25 տարեկանում` հորմոնային կարգավորման շրջանում: Բշտիկները սովորաբար կարող են առաջանալ դեմքի, ուսային գոտու, կրծքի և թիկունքի շրջաններում` այն հատվածներում, որտեղ տեղակայված են ճարպագեղձերը:
— Ինչպե՞ս պայքարել այս տհաճ երևույթի դեմ:
— Ոչ վաղ անցյալում այս խնդիրներից շատերը փորձում էին ձերբազատվել ամենապրիմիտիվ և վտանգավոր եղանակով` ինքնուրույն տնային պայմաններում սեղմելով և վնաս հասցնելով մաշկին կամ ծանոթ բարեկամի խորհրդով փորձում էին կիրառել սննդային դիմակներ առաջցնելով մի շարք բարդություններ: Տվյալ միջամտությունները հիմնականում առաջ էին բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հետքեր, մաշկի անհարթություններ` փոսիկներ, ալերգիկ երևույթներ և այլն: Այսօր ժամանակները փոխվել են և նույնիսկ 16-17 տարեկան դեռահասները հասկանում են, որ պրոբլեմատիկ մաշկի խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Չէ որ բժիշկը կարող է հստակ որոշել խնդրի առաջացման պատճառն ու մշակել անհատական համալիր բուժման ծրագիր, քանի որ բուժման ծրագիրն ու ընթացքը չի կարող բոլորի համար լինել նույնը:
— Այս խնդիրների բուժման նպատակով ի ՞ նչ տարբերակներ եք կիրառում:
— Այսօր էսթետիկ բժշկությունն առաջարկում է միջամտությունների բավական լայն սպեկտոր: Դրանք կարող են լինել, դեղորայքային անհատական բուժման թերապիաներ, լազերային և ապարատային սարքավորումների կիրառում, հատուկ բուժիչ բաղադրիչների միացության կիրառում, քիմիական պիլինգների կիրառում, ինչպես նաև տեղային ներարկումներ: Այս ամենը հնարավորություն է տալիս մաքրել մաշկը տոքսիններից ու ախտոտվածությունից, արագացնել վերականգնման գործընթացը, լավացնել մաշկի գույնն ու որակը, մաքրել խցանված ծակոտիները, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, սնուցել ու խոնավացնել մաշկը, ինչը կարևոր է ինչպես զգայուն, այնպես էլ չոր, յուղոտ և համակցված մաշկ ունեցողների համար:
— Իսկ ի՞ նչ կասեք դեռ հին ժամանակներից հայտնի “Չիստկա” մաշկի մեխանիկական մաքրման մասին:
— Իհարկե դա ակտիվ կիրառվում է բուժման սխեմայի մեջ, սակայն սեղմումներն առանց համապատասխան միջամտությունների իրականացման միայն ավելացնում են ակնեի առաջացման հավանականությունը: Հատկապես տնային պայմաններում եղունգներով սեղմման արդյունքում ենթամաշկի մեջ ներթափանցում են մանրէներ, առաջացնելով տարբեր տիպի մաշկային ինֆեկցիաներ: Մաշկի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ միջամտություն է, ինչն այսօր լայն պահանջարկ ունի, սակայն չեմ կարող չշեշտել տվյալ դեպքում պրոֆեսիոնալ բառը, քանի որ շատ կարևոր է, թե ով է դա իրականացնում և ինչ պայմաններում: Կցանկանայի ուղղել դեռահասների ծնողների ուշադրությունն այն բանին, որ մասնագետի օգնությանը դիմեն հենց առաջին նախանշանների առաջացման դեպքում, քանի որ մասնագետի խորհուրդներն ու ցուցումները կօգնեն խուսափել ակնեի առաջացման բարդություններից և կազատեն երեխային հոգեբանական մի շարք բարդույթներից: