ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագիր կազմելու նոր մեթոդաբանությանը վերաբերող հանձնարարական: «Բայց համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթացը՝ լիարժեք ներգրավելով համայնքներին բնակիչներին համապատասխան քննարկումներին: Նա նաև հանձնարարեց երեք շաբաթյա ընթացքում ընտրել համայնքների զարգացման հնգամյա լավագույն ծրգագրերը և դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում: «Բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք հիմնական խնդիր են այդ համայնքում: Պարզվում է՝ այդ խնդիրը համայնքի ծրագրի մեջ չկա: Այդ իսկ պատճառով այս հանձնարարականին հստակ հետևում ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով համայնքների ղեկավարների ու մարզպետների կրթմանը՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ Գերմանիայի կառավարության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: «Ամերիկյան համալսարանի հետ արդեն կարծեմ կնքել ենք պայմանագիր, որ բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»,- նշեց նա: