տուն Լուրեր Մարզիկները լրջորեն կպատրաստվեն օլիմպիական խաղերին

Մարզիկները լրջորեն կպատրաստվեն օլիմպիական խաղերին

114
0

56603

Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները լավ գիտեն, որ Ֆյորդեում բարձրացրած իրենց կիլոգրամները չեն կարող լուրջ համարվել Օլիմպիական խաղերի ժամանակ: «Արմենրպես»-­ը հաղորդում է, որ թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը վստահ են, որ մինչև Օլիմպիական խաղերը պետք է քրտնաջան աշխատեն, որ կարողանան մեդալների համար պայքարել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, թե այն կիլոգրամները, որոնք գրանցվել են Եվրոպայի առաջնության ժամանակ, չեն կարող բարձր տեղեր ապահովել Օլիմպիական խաղերի ժամանակ. «Օլիմպիական խաղերի ժամանակ այդ արդյունքը կարող է մեզ համար միայն 8­10­րդ տեղերն ապահովել: Մենք ինքներս էլ գիտենք, որ քիչ քաշ ենք բարձրացրել»: Տարիներ անց Ֆյորդեում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը ևս համամիտ է գործընկերուհու կարծիքին. «Պետք է ավելի մեծ քաշ փորձենք Օլիմպիական խաղերի մեդալի համար: Իհարկե, հեշտ չի լինելու, սակայն մենք կարող ենք մարզումների միջոցով արդյունքի հասնել»: Խոսելով իրենց հաղթանակը Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորներին նվիրելու մասին` Նազիկը նշեց, որ այն թեև իսկապես պահի ազդեցության արդյունք է եղել, սակայն այլ կերպ չէր կարող լինել. «Շատ էի մտածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր ուզում եմ ասել, որ մեր զինվորականների շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ մարզվել ու հաջողությունների հասնել: Մենք նրանց իսկապես պարտական ենք: Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես կարձագանքեին օտարազգիները, ես ուզում էի հաղթանակս նվիրել հայ ժողովրդին»: Հռիփսիմեն իր հերթին լավ գիտի, թե որոնք են իր առջև դրված խնդիրները, և դրանք ներկայացրեց լրագրողներին: Մարզուհու պնդմամբ` ինքը պետք է կարողանա որոշակիորեն ավելացնել Նորվեգիայում բարձրացված քաշը, սակայն գերնպատակը իր` Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված արդյունքը բարելավելն է: «Արդյունքների բարելավման համար կարևոր է, որ ավելացնեմ անձնական քաշս: Ինձ համար իսկապես քաշ ավելացնելը խնդիր է: Ամուսինս դեմ չէ դրան, ամբողջ հայ ազգն է ավելի բարձր արդյունք ուզում, իսկ դրա համար պետք է կարողանամ քաշս ավելացնել, ինչը ոչ մի կերպ չի ստացվում ինձ մոտ: Ասեմ, որ անգամ բժշկի մոտ հետազոտության եմ գնացել, հատուկ սննդակարգ ենք մշակել, բայց քաշ ավելացնել չի ստացվում ու չի ստացվում: Ուզում եմ դիմել հանրությանը. գո՞ւցե դուք կարող եք օգնել ինձ: Կարո՞ղ եք հուշել, թե ինչպես պետք է ավելացնեմ անձնական քաշս»,­ «Արմենպրես»­ին ասաց Եվրոպայի չեմպիոնը` հավելելով, որ իր հիմնական մրցակիցներին հաջողվում է ավելի լավ արդյունքի հասնել հենց անձնական բարձր քաշի շնորհիվ: Նազիկին մտահոգում էր այլ խնդիր. այսօր նա այլևս նախկին ծանրորդը չէ, ով մրցույթների մասնակցում էր միմիայն հաղթանակի համար և մտածում էր միայն մրցաշարերի ժամանակ իր ելույթի մասին. «Այժմ դժվար է, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով: Պետք չէ մոռանալ, որ ես էլ, Հռիփսիմեն էլ արդեն մայր ենք, փորձում ենք դաստիարակել մեր զավակներին: Նորից ցուցաբերել նախկին արդյունքը, իրոք, դժվար է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան դժվար կլինի հեռու լինել ընտանիքից: Ես մինչև ավտովթարն ու մեջքի հետ ունեցած ծանր խնդիրները ցույց եմ տվել արդյունք, որն առայժմ չի էլ գերազանցվել, բայց ես դրան հասել էի ավելի քան 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Երեք տարի սպորտից հեռու էի, և ընդամենը 1.5 տարի է, ինչ վերսկսել եմ մարզվել: Չեմ կարող կրկնել այդ արդյունքն այսքան կարճ ժամանակամիջոցում: Կուզեի, որ հասկանայիք խնդիրը»: +75 քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմեն ևս խոսեց այն դժվարությունների մասին, որոնք ի հայտ են եկել մայրանալուց հետո. «Եթե իմ ամուսնու մայրը չօգներ ինձ երեխային դաստիարակելու հարցում, ապա դժվար թե կարողանայի սպորտում մնալ: Իսկապես բարդ է երեխա դաստիարակելը: Կարելի է ասել, որ մեր երեխաները մեզ ուժ են տալիս, սակայն նաև կոտրում են մեզ. կարոտն է պատճառը»: Ավդալյանը, ում ամուսինը Եվրոպայի ծանրամարտի առաջնության օրերին առաջնագծում էր մի քանի ընկերների հետ, պնդում է, որ եթե անգամ իմանար ամուսնու` առաջնագիծ գնալու մասին, չէր ցանկանա կանգնեցնել նրան. «Դա մեր պարտքն է: Իհարկե, նա ինձ հետ փորձում էր հաճախակի շփվել, ասում էր, թե ուղղակի ընկերների հետ գնացել են, սակայն առաջնագծում չեն: Միայն մրցելույթիցս հետո են ինձ ասել, որ ինքը այդ օրերին առաջնագծում է եղել: Ես հարգում եմ նրա որոշումը: Այլ կերպ չէի էլ կարող պատկերացնել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։