Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Մարուքյանն առաջարկում էր փոփոխություն կատարել ՏՄՊՊՀ, ՀՌԱՀ, ՀԾԿՀ և ՎՊ-ի մասին ՀՀ օրենքում: Ըստ Մարուքյանի, հիշյալ կառույցների ղեկավարները չպետք է լինեն կուսակցական: Նիստում Էդմոն Մարուքյանը ներկայացնելով հիմնավորումները, նշեց, որ այստեղ կա շահերի բախում, և հետևաբար, առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նշեցին, որ ըստ էության նախագիծը դրական է, սակայն այն պետք է համակարգային փոփոխությունների ենթարկվի: Կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը նշեց, որ կառավարության եզրակացությունը բացասական է: Արփինե Հովհաննիսյանի խոսքով պատգամավորի այն մտահոգությունները, թե անկախ հանձնաժողովների նախագահները կրում են կուսակցական կրծքանշան, և կուսակցական հանդիպումների ժամանակ էլ գինի են խմում, մեղմ ասած, այդպես չէ: Արփինե Հովհաննիսյանը Մարուքյանին նաև հարցադրում արեց. «Դուք տեղյակ եք, թե պարոն Շաբոյանը երբվանից է պաշտոնավարում, և երբվանից է կուսակցական կրծքանշան կրում»: Արփինե Հովհաննիսյանը նաև հարցադրում արեց, թե ինչու միայն հիմա պատգամավորը որոշեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ևս նշեց, որ այս պահին նպատակահարմար չէ փոփոխություններ կատարել: Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարծիք հայտնելով նշեց, թե պետք է հնարավորություն տալ, որպեսզի հարցը ընդգրկվի քառօրյա, և, հետևաբար, ինքը պաշտպանում է այս նախագիծը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը ունի սկզբունք: Ըստ Վարդանյանի դա այն է, որ յուրաքանչյուր նախագիծ կարելի է քննարկել: Անդրադառնալով կոնկրետ Մարուքյանի նախագծին Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք կողմ են համակարգային փոփոխությունների: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս նշեց, որ իրենք դեմ են:
Ամփոփիչ ելույթով պատգամավոր Մարուքյանը նշեց, որ Ազգային ժողովը շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս, մինչդեռ իրենք պետք է լինեն նախաձեռնողներ: Նա ասաց, որ պնդում է իր նախաձեռնությունը: Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը վերջերս ԱԺ-ում հարց է բարձրացրել, թե Հայաստանում կա արդյոք «պամպերսի» ներմուծման խնդիր: Հիմա սպասում է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանի: Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Կուսակցական նշանը, որ հանի՝ կլուծվի՞»: Հարցը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց վեց պատգամավոր: Դեմ էր չորս պատգամավոր: Նախագիծը ընդգրկվեց ԱԺ քառօրյա:
Հետո երբ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր նախագիծ, Հովհաննես Սահակյանը նշեց, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, և ՀՀԿ-ից ներկա է վեց պատգամավոր, հետևաբար, նախագիծը չի անցել: Կողմ քվեարկածներն էլ նշեցին, թե կապ չունի ներկա են, բայց չեն մասնակցել քվեարկությանը: ՀՀԿ-ն տեղի տվեց: