«Որ ասեմ՝ ինչ-որ նոր իրավիճակի փոփոխություն ունենք Մարտի 1-ի գործերի հետ կապված, այդպես չէ: Այն, ինչ պիտի արվի Մարտի 1-ի յուրաքանչյուր գործ բացահայտելու համար, բավարար չէ, իհարկե: Մեզանից յուրաքանչյուրի մեջ կան բազմաթիվ հարցեր»,- այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյան արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը, սակայն, հույս ունի, որ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բոլոր հարցերը պատասխաններ կստանան, եւ արդարությունը կվերականգնվի:
«Մարտի 1-ը մեր բոլորի վիշտն ու դժբախտությունն է, եւ այստեղ ասել՝ ընդդիմություն, իշխանություն սխալ կլինի: Սա մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է: Եթե մենք ուզում ենք, իսկապես, վերականգնել արդարությունը, բոլոր հարցերը իրենց պատասխանները պիտի ստանան, այլ տարբերակ չկա, եւ պիտի ստանան ազնիվ, արդար, առանց որեւէ բան կոծկելու: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ուզում է, թե Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի հետ կապված արդարությունը վերականգնվի»,-ասաց Զոհրաբյանը: