տուն Լուրեր Մարտի 1. հեղափոխություն և ՀԱԿահեղափոխություն. Վարդուհի Սիմոնյան

Մարտի 1. հեղափոխություն և ՀԱԿահեղափոխություն. Վարդուհի Սիմոնյան

113
0

vard_5611.thumb

Առաջին տեքստ

Այս տեքստի նախնական տարբերակն ամբողջությամբ ցավի հիշողության մասին էր։ Այն մասին, որ հասարակությունը սոսկալի ցավ է ապրել և դրանից հետ վերականգնողական որևէ լիցք, որևէ բուժում չի ստացել։ Այս կոորդինատից էլ դուրս էի բերել հասարակության այսօրվա քենի և վրիժառության բաժանարար գծերը՝ նկարագրելով ցավի ֆիզիկական աշխարհագրությունը։

Տեքստը գրելու ամբողջ ընթացքում հիշում էի մի հանճարեղ սրտաբանի՝ ինձ տրված խորհուրդը. երբ նրան բողոքեցի, որ սիրտս օրվա մի ժամի կարծես կորցնում է իր բնական ռիթմը և ինքն իրեն մի տեսակ ճմլվում, նա ինձ բացատրեց, որ դա սրտիս ցավի հիշողությունն է, ասաց՝ սիրտդ դանակ է տեսել, բռնություն և շատ երկար նա չի մոռանալու այդ մասին։

Խորհուրդ տվեց ցավի պահին ափով գրկել սիրտս, շոյել, լավ զգացողություններ հաղորդել, ասաց՝ մենք ճնշել ենք նրան, մի քանի ժամ կտրել քեզնից և նրան դրել այլ ռեժիմում։ Ահա, ես փորձում էի գրել հենց այդ ռեժիմի մասին, բայց չգիտես որտեղից գլուխս մտավ ցավի շուրջ ամենաարագ խմբվող մեր էթնիկ անխափան կոդը և գրիս ճանապարհը շեղեց՝ ինձ ընդհուպ հասցնելով գերեզմանոց։ Եվ ահա թե որ տրամաբանությամբ. հանգուցյալին հրաժեշտ տալու ողջ ծիսակարգն ընթանում է ցավի շուրջ խմբվելու և թաղման վերջնական հանգրվանում հողի մոտ հանգիստ առնելու ելքով։

Այսինքն՝ տեղի է ունենում ցավի կերպավորում, իսկ գերեզմանոցում՝ հանգստարանում արդեն՝ ցավի ռեաբիլիտացիա։ Այս խոհն ինձ ահագին հեռու էր նետել, և ես հայտնվել էի համարյա կախարդական փակ շղթայում ու ստիպված էի փրկօղակի պես կախվել այն մտքից, որ ազգն ինքնին նույն ցավից, տանջանքներից ու զոհերից բաղկացած մի միավոր է, և միգուցե Հայրենիքն էլ այլ բան չէ, քան հենց այդ ընդհանուր ցավի և ցավակիրների ամբողջությունը։

Ինչպես կռահեցիք, ինձ համար դժվար կլիներ կրծել այս շղթաները և դուրս գալ մի հուն, ուր հնարավոր կլիներ սրբել մեծ ցավը, լվանալ «Մարտի 1-ի» երեսը։ Իսկ լվանալն անհրաժեշտ է, որովհետև մենք չենք կարող երջանիկ լինել մի վայրում, ուր մեզ այդքան ցավեցրել ու նվաստացրել են։ Բայց չեմ ափսոսում այս տեքստը ջնջելուս համար, որովհետև շատ հաճախ մենք գրում ենք մի հույսով, որ գրի տքնանքի մեջ մենք կհայտնաբերենք ճշմարտությունը։

Երկրորդ տեքստ

Հաջորդ առավոտն արթնացա նախորդ տեքստից լրիվ ազատագրված ու որոշեցի դեն նետել խոհափիլիսոփայական զեղումները և Մարտի 1-ը քննել բացառապես պատերազմի և խաղաղության համատեքստում։ Սկիզբն ահագին խոստումնալից էր, մեծ ցատկերով առաջ էի գնում, որովհետև ամբողջ գիշեր տառապանքից մանել էի ստեղծվելիք նյութի հենքաթելը. պատերազմն այնտեղ է, ուր անվստահությունն է։

Հռչակված բուրժուադեմոկրատական հեղափոխության պաթոսն ինձ նենգաբար նետել էր սարկազմի գիրկը ու ես առատորեն հղվելով Մարքսին ու Լենինին, ցույց էի տալիս նրանց և նորօրյա հեղափոխականների գաղափարական ընդհանրությունները։ Անգամ գտել էի 1925 թվականի ընդդիմադիր առաջնորդներ Զինովևի և Կամենևի այսօրվա նախատիպերին, ովքեր մեկը մեկին կրկնում են նրանց արտաբերած տեքստերը, նրանց լաչառ ագիտպրոպը և անգամ փոստն ու հեռագրատունը գրոհելու կոչով հանդես կգան՝ հաշվի չառնելով, որ տեխնոլոգիական հեղափոխությունը վաղուց նաև դրանք է դրել «կեղեքված դասակարգի» տրամադրության տակ։

Մարքսը հենց բռնությունն էր համարում հեղափոխության տատմայրը, և Լենինը ստիպված եղավ տասնյակ հատորներ հառաչել՝ համոզելու համար, որ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, այլև՝ գաղափարական։ Որովհետև մշակույթն ինքնին բռնություն է, բայց այն որևէ մեկի գլուխը մտցնելու համար բնավ էլ հարկ չկա կոտրել այդ գլուխը։
Ես, որ մշտապես խուսափել եմ նյութի գլուխը զարդարել խելոք բնաբանով, այս դեպքում միգուցե չդիմանայի գայթակղությանը և նյութի գլխին հագցնեի «Կոմունիստական մանիֆեստի» այս հատվածը. «Պրոլետարիատը չի կարող տապալել բուրժուազիային առանց նախապես քաղաքական իշխանությունը նվաճելու, առանց քաղաքական տիրապետություն ձեռք բերելու»։
Նախորդ դարի առաջին կեսի տառապանքով հաստատված փորձն արհամարհել է «մարտի 1-ը», բայց գրել մեր ընդդիմադիրների անհեռատես վարքի, ապստամբությունը տանից հեռակառավարելու և տասը զոհ տալուց հետո էլ գոնե մի մեղա չգալու մասին, կնշանակեր առնվազն «ջուր լցնել իշխանության ջրաղացին»։ Իհարկե, գրվածը բնավ էլ հեռու չէր ճշմարտությունից, մանավանդ որ ճլորած միտքն այլևս չի կարող սպասարկել մեր այնքան կայտառ ընդդիմադիր էներգիան, բայց արդյո՞ք միայն սա է պատճառը, որ ամբողջ աշխարհում այսօր գարնան առաջին օրն է, իսկ մեզ մոտ ընդամենը տխրահռչակ «մարտի 1»։
Ուրեմն իզուր էի կարծում, թե օրը քշելով պատերազմի համատեքստ՝ հնարավոր կլինի այնտեղից դուրս գալ խաղաղությամբ։ Ինձ չփրկեց անգամ մանկությանս մի նվիրական հուշ այն մասին, թե ինչպես մայրս մի անգամ ընդամենը մի դիպուկ հարցով կարողացավ հարևանի տղայի ձեռքից առնել մազերս, երբ սա խաղալիքների մեր ամենօրյա պատերազմում տիրացել էր իմ ամենասիրելի գնդակին։ Մայրս երկուսիս նույն հարցը տվեց, ասաց՝ երկուսդ էլ ասեք, թե ինչո՞ւ եք ուզում միայն հենց այդ գնդակով խաղալ։ Ես միանգամից էգոիստաբար պատասխանեցի, թե դա իմ գնդակն է, իսկ տղան աչքերը լցնելով ասաց, որ մեր տանը միայն զզգզված տիկնիկներ են, և տղայի ուրիշ խաղալիք չկա։ Այստեղ մաման, խաղալիքների տուփը քրքրելով հանեց երկաթյա կոնստրուկտորը, և տվեց նրան։ Պատերազմն ավարտվեց նրանով, որ ես էլ գնդակը նետեցի և օգնեցի, որ մենք միասին մի մեծ տուն կառուցենք գզգզված տիկնիկների համար։ Չեմ հիշում՝ ով է ասել, բայց հանճարեղ է՝ մեծերն ու փոքրերը տարբերվում են իրենց խաղալիքների արժողությամբ։
Երրորդ տեքստ

Երրորդ տեքստն անշուշտ պետք է գրվեր իշխանության մասին, իհարկե չանտեսելով նաև ընդդիմության մեղավորության վարկածը։ Որոշեցի սկսել իշխանության կախվածությունից՝ համեմատելով ալկոհոլի, թմրանյութերի կախվածության հետ և եզրակացնելով, որ ի տարբերություն վերջիններիս, իշխանությունից կախվածությունը համարյա անբուժելի հիվանդություն է։ Մխրճվել էի հոգեբանական մի գործնական պարապմունքի մեջ, որին անձամբ էի մասնակցել և որտեղ խաղարկվում էր «Տիրակալ և հպատակներ» հոգեբանական խաղը։ Մանրամասն նկարագրել էի, թե ինչպես հոգեբանը, ռոտացիոն կարգով մեզ վերափոխելով մերթ տիրակալի ու մերթ հպատակների, հմտությամբ ցույց տվեց մեր մեջ միաժամանակ ապրող մարդաբանական այս երկու տիպերին։ Զուտ հոգեբանական այս խաղի վրա կառուցված մոդելը զսպանակի էֆեկտով ձգեցի ամբողջ տեքստի վրա և այնքան ոգևորվեցի, որ սկսեցի ինտերպրետացիայի վերածել իշխանության մասին ողջ ասելիքս։ Այդ խաղն ինձ հնարավորություն տվեց անգամ հեղինակազրկել իշխանության մասին ասված երբեմնի հռչակավորների մտքերը։ Որովհետև եթե կենսունակ համարենք, օրինակ Վեբերի այն միտքը, թեքաղաքական իշխանությունը պետական բռնության ձև է, ապա այստեղից կարելի է բխեցնել, որ «մարտի մեկը» ոչ այլ ինչ է, քան իշխանության բնական և անօտարելի իրավունքի գործադրում։

Ես ավելի շատ խաղարկում էի իշխանության՝ որպես համակեցության երաշխավորի մանդատը, որովհետև հոգեբանական այդ խաղի ընթացքում խաղավարը մեզ մի պահ վերածեց նաև գազանների, և ես մեկ առյուծի, մեկ աղվեսի մորթու տակ վերջապես ըմբռնեցի ոչ անհայտ Մաքիավելու խորամանկ թեզերը կրողների խաղերը։ Տեքստի ահագին մեծ ծավալ ես տվեցի հենց այս կես գազան կես մարդուն, ով Մաքիավելու գործուն օժանդակությամբ իր վրա էր առել տիրակալի թիկնոցը և նրա տակ հմտորեն թաքցրել աղվեսի և առյուծի միքսից ծնված անճոռնի կերպարը։ Այս խաղը հրաշալի հնարավորություն էր ընձեռել մեր քաղաքական կրկեսը ցուցադրել իր ողջ շքեղությամբ, նաև առնվազն 25 տարվա յուրօրինակ պատմական էքսկուրս էր, որի պետական կառուցվածքը կազմաքանդվեց հենց 1996-ին, երբ տապալվեց քաղաքական իշխանությունը և նրա տեղն աճեց և զորացավ քաղաքական բռնությունը, որի կատարելատիպն, անշուշտ «մարտի 1-ն» էր։

Ես այս երրորդ տարբերակում նշել էի, որ բռնության պատասխանը բռնությունն է, և չես փախչի նրանից, եթե անգամ զոդես տանդ դուռլուսամուտն ու փորձես թաքնվել նրանից։ Ահա այս կոպիտ նախադասությունից հետո էր, որ ես փակեցի այս տեքստը և նորից սկսեցի նայել «մարտի 1-ի» երեսին՝ ժամեր շարունակ մեխված մնալով գազանի դրոշմն իր վրա առած այդ կադրերին։ Հակառակ դեպքում նյութի տրամաբանությունը պարտադրելու էր ասել ավելին, օրինակ այն, որ ընդդիմությունը ծեծվելով՝ ավելի բարձր քաղաքակրթական մակարդակ չի ցույց տալիս իշխանությունից։ Չէ՞ որ, ինչպես ասվում է, մարդիկ կարող են չզգալ ձեր տարբերությունը, ինչո՞ւ բանը հասցնել ծեծուջարդի, այսինքն՝ լեգիտիմացնել բռնությունը։ Ես շուրջ մեկ էջ գրել էի սոցիալ-տեխնոլոգիական և ժողովրդավարացման երրորդ ալիքի հեղափոխության ֆենոմենի մասին, մանրամասն անդրադառնալով հետարդիական աշխարհակարգի նոր ուղղություններին և հոսքերին։ Որովհետև ընդդիմությունը պիտի որ մեր վաղը լինի իր թարմ ու պայծառ գաղափարներով և ոչ ամենևին քաղաքական կրկեսի անբաժան «գասրտոլյորը»։

Այս երրորդ տարբերակի գլխավոր մեսիջը թերևս այն էր, որ փորձում էի ձևակերպել նաև, որ իշխանությունն ամեն դեպքում ապրանք չէ, որը կարելի է գնել, վաճառել կամ առավել ևս՝ խլել իրարից։ Իսկ տեքստն ավարտվում էր «հեղափոխությունը ես եմ նախադասությամբ», որի նախորդ միտքը պոկում էր նրան սոցիալական և նույնիսկ քաղաքական արմատից, հեղափոխությունը սահմանելով որպես օրվա ընդդիմության և մանավանդ իշխանության ուժերից վեր մշակութային ակտ, անգամ՝ գեղագիտական արարողություն։ Սակայն այդ տեքստը ծնվելուց հետո ապրեց ընդամենը տասը րոպե. այդքան տևեց նրա վերընթերցումը։

Չորրորդ և վերջին  

Ոչ մի գազան չի կարող քեզ այնպես հալածել, ինչպես չասված խոսքը, չգրված տողը։ Եվս մի ամբողջ օր փակվեցի տանը. մտածում էի…իսկ միգուցե հնարավոր չէ գրել այս անիծյալ «մարտի 1-ի» մասին, ինչպես օրինակ Հրանտ Մաթևոսյանը տող անգամ չգրեց Ցեղասպանության մասին, հազար անգամ պարտադրեցին, բայց չգրեց։ Ի՞նչ իմանաս, երևի հայերենը լավ չի հասկանում բռնության լեզուն կամ դիտմամբ չի պատասխանում նրան, ավելի ճիշտ՝ պատասխանում է լռությամբ։ «Մարտի 1-ի» սև էջն առանց նկարագրողական տեքստերի ուղղակի փակել է պետք. ի՞նչ գրես նրա մասին, որ հետո կարողանաս նայել տասը զոհերի մայրերի կամ նրանց երեխաների աչքերին։ Ես այդպիսի տեքստ չունեմ, իմ գործած մեղքերն արդեն ինձ շատ են։ Ահա թե ինչու չեմ վերընթերցում այս շարադրանքը, հաստատ կջնջեմ։

Վարդուհի Սիմոնյան