Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Մարմարաշենի գյուղապետ Էուարդ Հակոբյանը: Վերջինս նշեց, թե պատկան մարմիններն իրենց խոսքի տերն են. մարտի վերջերից սկսվելու են կամրջի կառուցման աշխատանքները, սակայն ժողովուրդը, ինչպես միշտ, ճիշտ է՝ չի հավատում, քանի որ նման խոստումներ քանի տարի է, լսում են. «Եթե կամուրջը կառուցվի, սա առաջին հերթին օգտակար կլինի ոչ միայն Մարմարաշենի, այլև հարևան գուղերի բնակիչների համար, էլ չենք ասում, որ խոշոր եղջերավոր անասունները գյուղացիները չեն կարողանում արոտավայր տեղափոխել, իսկ արոտավայր տեղափոխելու համար անասուններին պետք է 20 կմ-ի չափ անցկացնեն, որ նոր կարողանան հասնեն արոտավայր: Նույն եղանակով էլ արոտավայրից անասուններին պետք է գոմերն անեն, իսկ այդ 20 կմ-ը, անասունին որ տարան՝ կերածը կմարսի, իսկ կաթը էլ չի լինի»,- ասաց գյուղապետը:
Հարցին, թե ինչու՞ նախկինում չէր կառուցվում, գյուղապետն ասաց, թե ինքն այդ տեղեկություններին չի տիրապետում, քանի որ շինարար չէ: Իրեն ամեն դեպքում հայտնել են, որ կամուրջի շինարարությունը կմեկնարկի այս ամսվա վերջ, և կավարտվի տարեվերջին:
Գյուղաբնակներից շատերը չեն հավատում հերթական խոստումներին, ու հայտարարեցին, որ այս անգամ Երևան տանող ավտոճանապարհը չեն փակի, սակայն կսպասեն մինչև մարտի 10-ը: